Երևանի ավագանու ապրիլի 26-ին գումարված նիստում ավագանին քննարկել և հաստատել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ առաջարկված մայրաքաղաքի հ. 147 հիմնական դպրոցը Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի անվամբ անվանակոչելու մասին որոշման նախագիծը:
Նշվել է, որ Արցախյան քառօրյա պատերազմում հերոսաբար զոհված հայորդին 2003-2011թթ. սովորել է այդ դպրոցում:
Շնորհակալություն հայտնելով ավագանու անդամներին՝ որոշման նախագծին միաձայն կողմ քվեարկելու համար, նիստը վարող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այն գնահատել է որպես քաջ հայորդու հիշատակը սերունդների մեջ վառ պահելու և նրա սխրանքը գնահատելուն ուղղված կարևոր քայլ:
Հիշեցնենք, որ ցուցաբերած բացառիկ քաջության և արիության համար Ռոբերտ Աբաջյանը հետմահու 2016թ. մայիսի 8-ին Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչումով և «Ոսկե արծիվ» շքանշանով։
Նյութի աղբյուր՝ https://www.yerevan.am/am/news/erewani-h-147-dprots-n-aysowhet-kkri-arts-akhi-heros-rhobert-abajyani-anowne/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել