Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է Դավթաշեն-Աշտարակի խճուղի նոր ավտոճանապարհի կառուցման հիմնարկեքի արարողությանը: Ասիական զարգացման բանկի կողմից ֆինանսավորվող Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի տրանշ 2-ի շրջանակում կառուցվող անընդհատ երթևեկությամբ նոր ճանապարհը կունենա 6 երթևեկելի գոտի՝ միջինը 28 մետր լայնությամբ, շուրջ 5.4 կմ երկարությամբ:
Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից։
Տեղում, նախագծի վրա քաղաքապետին ներկայացնելով ծրագրի մանրամասները, պատասխանատուները զեկուցել են, որ Դավթաշեն-Աշտարակի խճուղի ճանապարհահատվածի կառուցման արդյունքում Երևանի Դավթաշեն վարչական շրջանը նոր ճանապարհով կմիանա Աջափնյակ վարչական շրջանի Երևանի արևմտյան մուտքին՝ Աշտարակի խճուղուն։ Ճանապարհահատվածը ուղիղ կապ կհաստատի Չաուշի փողոց-Աշտարակի խճուղի և Հալաբյան փողոց-Եղվարդի խճուղի հանգույցների միջև և կապահովի անընդհատ երթևեկություն՝ առանց լուսացուցային կարգավորման: Անընդհատ երթևեկությունն ապահովելու նպատակով Չաուշի փողոց-Աշտարակի խճուղի և Հալաբյան փողոց-Եղվարդի խճուղի հանգույցներում կկառուցվեն երկմակարդակ տրանսպորտային հանգույցներ:
Նշվել է նաև, որ ճանապարհը կլինի միջազգային չափորոշիչներին համապատասխան՝ հագեցած նոր ենթակառուցվածքներով: Շինարարական աշխատանքների ընթացքում երթևեկելի գոտուց ամբողջությամբ կտեղափոխվեն բոլոր անհրաժեշտ հաղորդուղիները, իսկ ճանապարհի արտաքին լուսավորությունը կապահովվի լուսադիոդային (LED) լուսատուներով:
Հիմնարկեքի արարողության շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը համատեղ ձեռնարկություն «Բլեք Սի Գրուփ» և «Վահագն և Սամվել» ՍՊԸ ղեկավարներ Ղուկաս Գրիգորյանի և Ամիրան Մամուչաձեի հետ ստորագրել է նոր ճանապարհի կառուցումն ազդարարող երկկողմ հուշագիր, որի մեկ օրինակը տեղադրվել է կառուցվելիք ճանապարհի հիմքում:
Առանձակի կարևորելով մայրաքաղաքում ճանապարհաշինական խոշոր ծրագրերի իրականացումը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ երթևեկության կանոնակարգմանն ուղղված քաղաքապետարանի ծրագրի բաղկացուցիչ մասը կազմող շրջանցիկ նոր ճանապարհների կառուցման ուղղությամբ այսօր Երևանում լուրջ քայլեր են ձեռնարկվում:
«Վերջին տարիներին մայրաքաղաքի կենտրոնի ավտոտրանսպորտային հոսքերի բեռնաթափումը մեզ համար կարևոր առաջնահերթություն է և, ինչպես գիտեք, այդ ուղղությամբ արդեն մի քանի տարի է, ինչ նպատակային ծրագրեր ենք իրականացնում: Արդեն երեք տարի է, ինչ Ասիական զարգացման բանկի հետ համատեղ փուլ առ փուլ մայրաքաղաքում ճանապարհաշինական խոշոր ծրագիր ենք կյանքի կոչում, որը կշարունակվի նաև առաջիկա տարիներին և կընդգրկի Երևանի այլ վարչական շրջաններ ևս: Այսօր տվեցինք այդ ծրագրով նախատեսված Դավթաշեն-Աշտարակ ճանապարհահատվածի շինարարության մեկնարկը: Մայրաքաղաքի շրջանցիկ ճանապարհի շինարարությունն ամբողջությամբ նախատեսում ենք ավարտել 2019 թվականին, ինչի արդյունքում կունենանք Երևանի հյուսիսային և հարավային մուտքերն ու Երևանի թվով 4՝ Շենգավիթ, Մալաթիա-Սեբաստիա, Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջաններն իրար կապող 23 կիլոմետր երկարությամբ եվրոպական չափորոշիչներին համապատասխանող նոր ճանապարհ, որը զգալիորեն կբեռնաթափի մայրաքաղաքի կենտրոնական փողոցների երթևեկությունը, ինչը, հաստատ, մեծ ձեռքբերում կլինի Երևանի համար»,- նշել է քաղաքապետը:
Պատասխանատուները քաղաքապետին վստահեցրել են, որ ճանապարհի կառուցման աշխատանքները կկազմակերպվեն այն ելակետով, որ ավարտը լինի նախատեսված ժամկետում՝ 18 ամսվա ընթացքում:
Հիշեցնենք, որ արդեն իսկ ավարտվել են Արշակունյաց պողոտայի և Արտաշատի խճուղու վերակառուցման, լայնացման, ինչպես նաև Նոր Շիրակ ճանապարհահատվածի կառուցման աշխատանքները՝ ընդհանուր 5 կմ երկարությամբ, որը շահագործման հանձնվեց 2016 թվականի դեկտեմբերին: Ծրագրի արդյունքում Երևանն ունեցավ հարավային պատշաճ մուտք: