Եթե Ցեղասպանությանն ասում ենք այլևս երբեք (never again), ուրեմն՝ առաջին հերթին պետք է ասենք՝ այլևս երբեք թույլ վիճակին, անկազմակերպ վիճակին, այլևս երբեք՝ սեփական երկրում թալանվելուն, այլևս երբեք՝ կռացած ապրելուն, այլևս երբեք՝ ուրիշ պետությունների վրա հույս դնելուն...
100 տարուց ավել ահազանգը հնչում է, և այլևս պատմության դասերը քաղելու և անցյալը սրբագրելու, համախմբվելու ու ԽՈՍՏՈՒՄ տալու ժամն է, որ հիշում ենք Ցեղասպանության նահատակներին, ու մեր պատասխանը Թուրքիային ոչ թե նրանց դրոշներ վառելն ու նավթի ջահերով երթն է, ոչ թե նրանց հայհոյելն է, այլ սեփական երկիրն ուժեղացնելը, կրթության ու գիտության ջահերով երկինքը լուսավորելը, ներգաղթն ապահովելն ու գաղջ մթնոլորտի փոխելն է, եթե ոչ, ուրեմն՝ ինքնախաբեության անիվը մի քանի տարի էլ ճռռալով կպտտվի, ու մեր սայլը կմնա դատարկ ու իր առաքելությունը ավարտած...
Ցեղասպանությունից մազապուրծ եղած ու աշխարհում սփռված սիրելի հայրենակիցներ, Հայաստանից տարբեր պատճառներով արտագաղթած սիրելի հայեր, Հայաստանը մեր բոլորի կարիքն ունի, վերքը բուժելու ու այն սպիացնելու կարիքն ունի, և եթե սա չենք գիտակցում հիմա, ցեղասպանության ճանաչումը դառնում է պատմության փակված էջ։
Եկեք, որ միասին ասենք՝ ԱՅԼԵՎՍ ԵՐԲԵՔ․․․