Իրանցի ընկերս այսօր առավոտյան Վրաստանից զանգեց ինձ: Որոշել է այնտեղից Հայաստան գալ: Ոչ թե նրա համար, որ շատ վատ է անցնում Վրաստանում, այլ այն պատճառով, որ հյուրանոց չի գտել իր արձակուրդը վայելելու համար: Ասում էր՝ իրանցիների թիվը շատ-շատ է այստեղ:
Նախանձից ուղղակի չգիտեի ինչ ասել: Չէ՞ որ այդ շատ-շատ իրանցիների գումարները անցած տարի պատկանում էին մեր հյուրանոցներին ու ռեստորաններին, մեր տաքսիստներին, մեր խանութներին, մեր վերնիսաժի վարպետներին եւ ի վերջո մեզ բոլորիս, մեր երկրին:
Բայց ինչպես միշտ չդիմացանք ու ինքներս մեզ զրկեցինք այդ հաճույքից: Ինչու՞: Որովհետեւ անցած տարի Երեւանի քաղաքապետարանը ափսոսաց Հանրապետության հրապարակի շատրվանները բացել իրանցիների առջեւ, ափսոսաց երեկոները մի երկու պարսկերեն երգ թողարկել շատրվանների լույսերի ներքո: Որովհետեւ տաքսիստը չպատկերացրեց, որ կոշտ ու կոպիտ վերաբերմունքով ու կրկնակի գումարներ իրանցիներից կորզելով զրկելու է իրեն հաջորդ տարվա խոշոր եկամուտից: Որովհետեւ ափսոսացինք իրանցիների հարցերին պատասխանել, կամ մի երկու մետր կտորի վրա գրել շնորհավոր ձեր Նոր տարին ու փակցնել հրապարակներում: Որովհետեւ մեր հեռուստաընկերությունները իրանական նոր տարվա մասին հաղորդումներ պատրաստելու եւ երկրում հյուրընկալման տրամադրություն սփռելու փոխարեն, նախընտրեցին խոսել իրանցիների վատ պահվածքի ու այսպես ասած չտեսության մասին՝ տարածելով այլամերժության տրամադրություն: Որովհետեւ մեր լրագրողները իրանցիների նիստ ու կացի, սովորույթների եւ հայ-իրանական մշակութային ընդհանրությունների մասին ռեպորտաժներ պատրաստելու փոխարեն, թաքնված տեսախցիկներով իրանցիներին հետեւեցին՝ իմանալու, թե նրանք Հայաստանում ու՞ր են գնում ու ինչո՞վ են զբաղված: Դա համարելով իրենց ամենասենսացիոն ռեպորտաժը:
Անցած տարի համալիրում ներկա էի իրանցի երգիչների համերգին: Մինչ բուն համերգի սկսելը պարեղանակների տակ պարում էին իրանցիները՝ աղջիկ ու տղա: Իսկ իմ ուշադրությունը սեւեռվել էր ոչ թե նրանց պարի, այլ համալիրի կարգապահների թունավոր հայացքների վրա, որոնք պարողների մեջտեղում կանգնած խոր ատելությամբ հետեւում էին հատկապես պարող իրանցի տղաներին: Բնականաբար, բախումներ տեղի ունեցան՝ կարգապահը ծեծել էր պարող տղային: Որովհետեւ նրան դուր չէր եկել վերջինիս պահվածքը:
Ամեն տարի Գառնիում մարտի 21-ին տեղի է ունենում գարնանային տոնակատարություն, որը շատ նման է Նոռուզին՝ իրանական ամանորին: Անցած տարի այնտեղ էի, ինձ հետ էին նաեւ բազմաթիվ իրանցիներ, բայց ոչ մի ողջույնի կամ շնորհավորանքի խոսք՝ ուղղված հյուրերին: Որոշ հայեր նույնիսկ բողոքում էին, թե իրանցիներն ի՞նչ գործ ունեն այստեղ, ափսոսում էին անգամ նրանց հյուրասիրել այն քյառթու գաթայից, որը բաժանում էին մարդկանց մեջ: Այս ամենի փոխարեն կարելի էր վերոնշյալ տոնը դարձնել բարեկամության տոն ու ամեն տարի իրանցիներին ստիպել մասնակցելու դրան:
Չէ, մենք մեղավոր չենք: Մեղավորը մեր այլամերժության ու պատմական այլատյացության հոգեբանությունն է: Մեղավորը մեր փոքր ազգ լինելու կոմպլեքսն է ու դրանից բխող ինքնապաշտպանական բնազդը, որից չազատվելու դեպքում կզրկենք մեզ ու մեր երեխաներին ուրիշների հետ շփվելու ու նրանց հնարավորություններից օգուտ քաղելու մեծ շանսից: