Փոխանակ էդ ադրբեջանական խնձորի արկղից արտադրողի կայքը վերցնեք (dad.az) բացեք, նայեք, ուսումնասիրեք ու ամաչեք, որ Հայաստանում սկի դրան մոտ գյուղմթերքներ արտադրող ընկերություն չկա, շուխուր եք անում, թե ոնց եղավ, որ ադրբեջանական խնձորը հայտնվեց Հայաստանում։ Բա շուկայական հարաբերությունները տենց հրաշք բան ա, դա չի ճանաչում փակ սահմաններ, պատերազմ և այլն, ապրանքդ որակով ա, էժան ա, մրցունակ ա, կհայտնվի նույնիսկ տոմագավկներով ռմբակոծված ավիաբազայում։ Դե հիմա եկեք մտածենք՝ գոնե էնպիսի խնձոր աճեցնենք, որ մրցունակ լինի ադրբեջանականի նկատմամբ, այլապես խաղաղությունից հետո նույն ադրբեջանցին ա վարձակալելու Հայաստանի այգիներն ու դաշտերը ,ու Վանոյի ականջը կանչի․

«Ադրբեջանցիները էլի կվարձակալեն Հայաստանի սարերը (որովհետև հայերը անասնապահ չեն, այլ պատմության մասնագետ), տարին յոթ ամիս անասուն կպահեն, կապրեն Վայքի, Սիսիանի, Շամշադինի, Ամասիայի, Դիլիջանի, Սևանի սարերում: Ու երբ հայաստանցիք շաբաթ-կիրակի ուզենան մայովկի գնալ և հայավարի ուշ արթնանալով (ոչ այնքան ուշ, որ շփոթես արիստոկրատի հետ, ոչ էլ վաղ՝ աշխատավոր մարդու նման), այդպես անորոշ մի ժամի երբ արթնանան ու փորձեն իրենց անտառներում ու սարերում աղբյուր գտնել՝ մոտը հանգրվանելու համար, զարմանքով կտեսնեն, որ տասնհինգ տարի առաջվա նման ազերիները արդեն հասցրել են իրենց հարթավայրերից ավելի շուտ տեղ հասնել ու բազմել մեր աղբյուրների գլխին և նույնիսկ արդեն քերթել են գառը և կրակ են գցել սամովարը: Իսկ Երևանի շուկաներում տերուտնօրեն կլինի էլի Նախիջևանի բանջարաբույծ խալխը: Այդքան հայ Երևանում հաստատ մնացած կլինի, որ Նախիջևանում բանջարաբոստանաբուծությունը վնասով չաշխատի: Արարատյան դաշտի ժողովուրդը Երևանի շուկաներում մրցակցությանը դժվար դիմանա, որովհետև հայ պագոնավոր ու անպագոն հսկիչը, ինչպես միշտ, օտարից նալոգը կվերցնի ավանդաբար առավել ապահովաբար: Վրացիները, որ տասնյակ միլիոն դոլարներ կունենան միայն խողովակներից, երևանցիներին կզրկեն ոչ միայն իշխանից, այլև սիգից, քանի որ կվճարեն եռակի, և ոչ մի ձկնորս ձուկ չի բերի Երևան»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել