Արդեն մի քանի օր է, ինչ մեկնարկել է Պանարմենիան մեդիա դպրոցի երկրորդ հոսքի դասերը: Տեղեկացա, որ այս անգամ լրագրության առանձին խումբ չկա, քանի որ լրագրող-դիմորդների թիվը քիչ է եղել, նրանք դասերն անց են կացնելու հաղորդավարական խմբի հետ: Մեր խումբը ևս քիչ էր, բայց քանի որ մենք առաջինն էինք, մեզ համար բացվեց խումբ, ավելին՝ մեր խմբում դասավանդեցին լավագույններից լավագույնները, լրագրության նվիրյալները, գիտակներն ու սիրահարները: Ասում են՝ այդ դասախոսական կազմը դասավանդելու է նաև այս անգամ, ի՞նչ կարող եմ ասել, այս պարագայում շահում են հաղորդավարները:

Վեց ամիսների ընթացքում մեզ դասավանդել են Պանարմենիան մեդիա գրուպի ամենատարբեր կառույցների լավագույն մասնագետները: Քանի որ գրառումս կատարում եմ սեփական բլոգում, ունեմ սուբյեկտիվության լիիրավ չափաբաժին, կփորձեմ ներկայացնել նրանց իմ կարծիքով, իմ տեսանկյունից, իմ աշխարհընկալմամբ:
Գնել Նալբանդյան
Ամենայն հավանականությամբ, առաջին դասն անց է կացրել գուրուն, կամ ինչպես նեղ շրջանակներում նրան դիմում են, Սենսեյը, նույն ինքը՝ Նալբանդյան Գնելը: Հիշում եմ՝ նրա առաջին դասից հետո ինձ մի տեսակ ընկճված էի զգում: Նրա օգտագործած բառապաշարն ու հարցադրումներն ինձ անհասկանալի էին թվում, հետո հասկացա՝ միանգամից այդքան ինֆորմացիա ստանալիս ուղեղս «կախել էր» ))) Նրա դասերին դու կսովորես ամեն ինչ։ Եթե քեզ թվում է, որ ես չափազանցնում եմ, սխալվում ես: Լրագրության լեզվով նա քեզ կսովորեցնի մաթեմատիկական հաշվարկներ անել, բացահայտել ամենատարօրինակ կամ ամենահասարակ բառերի իրական նշանակությունը, կարդալ, փորփրել, գտնել, սերտել: Նա քեզ կսովորեցնի գրագիտություն, խոհեմություն, լրջություն:
Արմինե Նալբանդյան
Երբ սկսես շփվել TV-ի հաղորդավարական կազմի հետ, կպարզես, որ նրանցից յուրաքանչյուրը եթեր մտնելուց առաջ գոնե մեկ անգամ պարապել է տիկին Նալբանդյանի հետ: Նրա խոսքի վապրետության դասին դու կանես ամենատարօրինակ վարժությունները, որ կարելի է պատկերացնել, կհաչես, կերգես, շուրթերի արտիկուլյացիա կանես, կբացահայտես, որ քո մեջ միլիոնավոր ձայներ կան: Այդ ձայները տիկին Նալբանդյանը կսովորեցնի օգտագործել ճիշտ վայրում, ճիշտ թիրախի համար:
Մարկ Գրիգորյան
Պրն Գրիգորյանի դասերին դու քեզ կզգաս Լոնդոնում, բարձրաշխարհիկ սրճարանում նստած, մի բաժակ թանկարժեք վիսկիով և սիգարով: Նրա ցածր ձայնային տեմբրն ու մտքերը շարադրելու յուրօրինակ դանդաղությունը քեզ կստիպեն մոռանալ շրջապատում տեղի ունեցող ամենատարբեր իրադարձություններն ու լսել, լսել, լսել…
Արտակ Ալեքսանյան
Ալեքսանյան Արտակը միշտ խառն է, նրան միշտ զանգում են, միշտ գրում են ու խանգարում դասախոսությունը: Նրա դասերին դու կսովորես դասական լրագրությունը, բայց ալեքսանյանական ոճով: Նրա դասերին դու կսիրահարվես լրագրությանը: Ինձ մոտ հենց այդպես էլ եղավ, բայց ես մի փոքր ավելի շուտ էի սիրահարվել, քանի որ մինչև նրա դասախոսությունների գալը ես քրքրել էի նրա՝ բառացիորեն բոլոր տպագիր և վիդեո հարցազրույցները, բոլոր նոթերն ու սյունյակները: Նրա ագրեսիվ տոնն ու ձայնի տեմբրի կտրուկ տատանումները քեզ լարված կպահեն ամբողջ դասի ընթացքում: Նա չի ընկերանա քեզ հետ, եթե friend request ուղարկես նրան, ամենայն հավանականությամբ, չի ընդունի կամ կընդունի տասը տարի հետո։
Ի տարբերություն մյուս դասախոսների՝ նա քեզ կտրամադրի մեկ ժամ, մեկ ու կես ժամի փոխարեն, բարի եղիր քաղել մաքսիմումը, որ կարող ես, միգուցե էլ երբեք դասախոսական ամբիոնի վրա չհանդիպես հայտնի «Բանաձև»-իստին:
Զոհրաբ Հարոյան
Այս ինքնավստահ, դիկտատորական կլանող երանգավորմամբ դասախոսություն կարդացող երիտասարդի հետ դու կսովորես դեդլայններին։
Եթե նույնիսկ դու աշխատում ես, սովորում համալսարանում, ունես ամուսին և չորս երեխաներ, միևնույն է, նրա դասախոսության սեղմագիրը դու պետք է ուղարկես 48 ժամ հետո մինչև կեսգիշեր, այլապես մյուս դասին նա կթեքվի դեպի նա, ով կատարել է հանձնարարությունն ու կպարապի դասը միայն նրա հետ: Նա առաջինն էր, ով ստիպեց մեզ աշխատել, առարկայական դարձնել ամեն մի դասախոսությունը, նկարել ռեպորտաժներ, սովորել մեր իսկ սխալների վրա: Զոհրաբի հետ դու երբեք չես ձանձրանա, նա միշտ դասախոսելու նյութ ունի, միշտ հետաքրքիր ու բովանդակալից:
Մանու Իրիցյան
Մանուի դասի ժամանակ դու կստանաս ամենատաօրինակ հանձնարարությունները, նա քեզ կտրամադրի մեկ շաբաթ, որպեսզի դու գտնես, թե քանի մարդ Հայաստանում «Tesla» ունի և կամ ով է 8-րդ համարի երթուղայինի գծի իրական տերը: Կսովորեցնի լրագրողական հնարքները: Կստիպի աշխատեցնել միտքդ, կսովորեցնի ճիշտ օգտագործել ծանոթներիդ, երբեք չկորցնել և ոչ մի հեռախոսահամար )
Նելլի Հարությունյան
Նելլին ԺԱՄ-ի այն եզակի դասախոսներից է, ով դասի ժամանակ ոչ մի րոպե չի լարվել. սովորաբար առաջին դասին բոլորն են լարվում )) Նա ինքնավստահ, պատրաստված եկել է դասի, խոսել դատական, սոցիալական լրագրության մասին: Նրա դասախոսությունից հետո մենք չենք մոռանում դատական լրագրության տերմինաբանությունը:
Լիլիթ Ասլանյան
Լիլիթ Ասլանյանը եկավ, խոսեց, պատմեց, օրինակներով ցույց տվեց, գնաց… Նրա գնալուց հետո մենք բոլորս սկսեցինք մտածել տնտեսական լրագրությամբ զբաղվելու մասին։ Նա այն լրագրողներից է, որ անսահման սիրում է իր աշխատանքը, տնտեսական բարդ տերմիններն ու թվերը: Նա ստիպեց տնտեսական ռեպորտաժներ նկարահանել բանասերին և պատմաբանին։
Շաքե Ղազարյան
Շաքեն այն եզակիներից է, որ խոսք էր տրամադրում մեզ և համբերատար լսում մեր կարծիքները: Նրան հետաքրքիր էր, թե մենք ինչ ենք մտածում այդ հարցի վերաբերյալ, ինչպես կվարվեինք այս կամ այն իրադրությունում: Նա մեզ սովորեցրեց ձեռագիր ունենալ, լինել լրագրող-անհատականություն, լինել ինքնավստահ և հասուն: Նրա համոզմամբ, եթե մենք լինենք այդպիսին, մյուսները մեզ ևս նույն կերպ կընդունեն:
Ժամի լրագրողներից «ծագող աստղ դասախոս» մրցանակին է արժանանում Դավիթ Սարգսյանը։
Այս արևելագետ «չլրագրողի» վերաբերյալ կարծիքը թերևս միակն է, որ կարող եմ ասել ամբողջ խմբի անունից: Չնայած որ նա կարծում էր, թե միջազգային լրահոսով ձանձրացնում է մեզ, այնուամենայնիվ, նշեմ, որ նրա դասախոսություններից հետո միայն մի հարց էր մեզ տանջում՝ ինչո՞ւ նա չէր եկել ավելի շուտ, ավելի երկար ժամանակով դասավանդելու: Նա խոսում է դինամիկ, հետաքրքիր, խելացի: Դու կլանված կլսես նրան, աշխատիր չընդհատել, որովհետև նա կշարունակի այնքան, մինչև կավարտի միտքը, նոր ձայն կտա քեզ։ Դավի՛թ, պահանջում ենք շարունակել դասախոսությունները։
Եզրափակելով ԺԱՄ-ի լրագրողների դասախոսությունների թեման՝ ափսոսանքով կնշեմ, որ մի քանի լրագրողների հետ չստացվեց երկար համագործակցություն, չնայած նույնիսկ մեկ դասից Անի Հակոբյանից, Հայկուհի Ասատրյանից մենք վերցինք նրանց յուրահատուկ խորհուրդները, հորդորները և ձեռագիրը:
Կոնստանտին Տեր-Նակալյան կամ մարդ-տերմինալոգիա
Այս խելացի երիտասարդի դասաժամերին ես քեզ խորհուրդ կտամ գնալ թուղթ ու գրիչով, քանի որ նրա դասին դու պետք է գրի առնես այն բոլոր բարդագույն տերմինները, որ օգտագործում է նա իր խոսքի մեջ: Կոնստանտինը խոսում է խելացի, ինքնավստահ և համակարգված: Տպավորություն է, որ այն, ինչ նա ասում է, անգիր է սովորել դեռ մանուկ հասակից: Այդքան երկար տերմինների սահուն արտասանության այլ բացատրություն չեմ գտնում։ Գրի առնելուց հետո դու ևս պետք է դրանք անգիր անես ու պարտադիր օգտագործես առօրյայում։ Օրինակ՝ ես առանձին նոթատետր ունեմ նակալյանական տերմինների, ամեն անգամ օգտագործելիս ասում եմ #ականջըկանչի։
Բացի հիմնական դասախոսներից՝ մեզ մոտ մաստեր կլասով դասի են եկել ATV լրատվականի ղեկավար Արկադի Գրիգորյանը և ArmNews հեռուստաընկերության տնօրեն Նարեկ Նիկողոսյանը: Նրանք ներկայացրել են իրենց աշխատելաոճը, ծանոթացրել լրագրության և PR-ի իրենց դիտարկումներին:
Վեց ամսվա ընթացքում այս բոլոր դասախոսները, կամա թե ակամա, նոր հորիզոններ են բացել իմ առջև, սովորեցրել են լրագրությունը դարձնել ապրելակերպ, սիրել ու նվիրվել: Նրանց բոլորին միավորում է մի բան՝ նրանք բոլորը ապրում են լրագրության մեջ, հետ, կողքին:
Լրագրություն… եվ վերջ:



