Նախօրեին կնքվեց Սյունիքի մարզում ազատ տնտեսական գոտու կազմակերպման պայմանագիրը։ Այս փաստաթղթի կնքմամբ դրվում են Սյունիքի ԱՏԳ-ի ստեղծման հիմքերը: Պայմանագրի առարկան են Սյունիքի մարզի Ագարակ քաղաքային, Կարճևան գյուղական համայնքների և Արաքս գետով պարփակված տարածքում ստեղծված գյուղատնտեսության, մշակող արդյունաբերության, էլեկտրականության մատակարարման, մեծածախ առևտրի, փոխադրումների և պահեստային տնտեսության, մասնագիտական և տեխնիկական գործունեության, մշակույթի, զվարճությունների և հանգստի ոլորտներում արտադրաարդյունաբերական և լոգիստիկ ԱՏԳ կազմակերպման, ԱՏԳ ենթակառուցվածքների ստեղծման և զարգացման, կազմակերպչի կողմից ծառայությունների մատուցման, այդ ծառայությունների սակագների սահմանման, ներդրումների իրականացման, ԱՏԳ շահագործողների ներգրավման և ԱՏԳ գործունեության հետ կապված այլ իրավահարաբերությունները:

Ուշագրավ է, որ ծրագրի իրականացման մեկնարկը նախատեսված է 2017 թվականի հոկտեմբերի կեսերին։ Կազմակերպչի կողմից առաջին փուլում կիրականացվեն շուրջ 10 մլն դոլարի ներդրումներ, իսկ ազատ տնտեսական գոտում գործունեության ընթացքում ակնկալվում է, որ կներգրավվեն շուրջ 120 շահագործող ընկերություններ, որոնք կիրականացնեն 350-400 մլն դոլարի ներդրումներ, կստեղծեն ավելի քան 2500 նոր աշխատատեղեր, իսկ միջին տարեկան արտահանումը կլինի շուրջ 80-100 մլն դոլար: Նախատեսված ծրագրերի իրականացման դեպքում Սյունիքի ԱՏԳ-ն կարող է դառնալ ՀՀ-Իրան-ԵՏՄ փոխգործակցության շահավետ հարթակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել