Համացանցում տարածված մի մենախոսություն պատճառ դարձավ, որ գրվեն այս տողերը, որպեսզի մեկ անգամ ևս փորձենք զերծ պահել մեր բարեմիտ հավատակից քույրերին և եղբայրներին հոգեխռով ստից:
Այն, ինչ ասվում է այդ մենախոսությանց մեջ` կապված Ամենայն Հայոց Հայրապետների հետ, ամբողջովին անհիմն է և սուտ: Իսկ մեջբերումները կտրված են ասված խոսքերի ամբողջությունից: Սակայն դրան չէ, որ կուզենք անդրադառնալ:
Որպես Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների տնօրեն և Սուրբ Էջմիածնի մասունքների ավանդատան պատասխանատու` պաշտոնապես հայտարարում ենք, որ Սամվել Կարապետյանի խոսքերը Սուրբ Սարգսի մասունքների առնչությամբ իրականությանը չեն համապատասխանում: Այն բոլոր սուրբ մասունքները, որոնք դարեր շարունակ պահվել են Հայոց եկեղեցիներում, շնորհակիր են և հրաշագործ. բազում պատմական տեղեկություններ վկայում են այդ ամենի մասին: Սուրբ մասունքների հրաշագործությունների մասին կարող են վկայել նաև մերօրյա շատ հավատացյալներ, ովքեր տարբեր առիթներով մոտեցել են այդ սրբություններին ինչպես Սուրբ Էջմիածնում, այնպես էլ մեր մույս վանքերում և եկեղեցիներում: Ի հեճուկս սամվելկարապետյանների՝ կուզենք հատուկ շեշտել, որ Հայոց Եկեղեցին բնավ, երբեք մասունքների կեղծարարությամբ չի զբաղվել... Մասունքների իսկությունը պարզելու համար Սուրբ Եկեղեցին ունի իր մեթոդները, որոնք առավել ստույգ են ու անվիճելի, քան որևէ ֆիզիկաքիմիական քննություն:
Նորեն հորդորում ենք` մի բախվեք Սուրբ Էջմիածնին` Քրիստոսահիմն Վեմին. «...Զգույշ եղեք, որովհետև եթե այդ խորհուրդը կամ այդ գործը մարդկանցից է, կքանդվի, իսկ եթե Աստծուց է, չեք կարող դրանք քանդել. միգուցե աստվածամարտ էլ դառնաք» (Գործք 5:38-39): Պատմությունն է վկայել, որ Հայոց Եկեղեցու գործը` առաքելությունն Աստծուց է, ուստիև ոչ ոք այն չի կարողացել քանդել ու ձախողել: Վստահ եղեք, որ այսօր էլ և ոչ մեկին չպիտի հաջողվի:



