care 12

Ցանկացած կին երազում է ունենալ գեղեցիկ, փայլուն, նուրբ, արտահայտիչ շրթունքներ: Հաճախ մենք տնտեսում ենք հենց դրանց խնամքը՝ մոռանալով, որ ինչպես դեմքի ու ձեռքերի մաշկը, այնպես էլ շրթունքները պետք է պաշտպանել վնասակար ազդեցություններից: Արևը, սառնամանիքը, քամին, փոշին... այս բոլորը «անխնա» վնասում են մեր շրթունքների նուրբ մաշկը և առաջ են գալիս տհաճ հետևանքներ:

Շուրթերը պետք է կանոնավոր կերպով խնամել: Իսկ համապատասխան քսուքները կօգնեն պահպանել դրանց բնական ձևն ու երիտասարդությունը: Այո, շրթունքներն էլ են ժամանակի ընթացքում «ծերանում», և որքան շուտ զբաղվեք դրանց խնամքով, այնքան ուշ վրա կհասնի «ծերությունը»:     
       
Շրթունքների մաշկը   
       
Շրթունքների մաշկը լինում է չոր և ճարպոտ: Չոր շրթունքներին հաճախ պետք է քսել բարձրորակ ճարպոտ քսուքներ կամ տնային պայմաններում պատրաստված հատուկ դիմակներ դնել, որպեսզի դրանք չճաքճքեն և չթեփոտվեն:

Եթե շրթունքները ճաքճքած ու չոր են, նույնիսկ ամենաբարձրորակ շրթներկը չի կարող գեղեցկացնել դրանք:       
       
Պաշտպանություն   
      
 

Թող զարմանալի չթվա՝ արևից շուրթերը նույնիսկ թոշնում են և կնճռոտվում: Էլ չենք խոսում չորանալու, ջրազրկվելու մասին:   
       
Հետևաբար, տնից դուրս գալուց աոաջ նախ քսեք հատուկ քսուք, որը կպաշտպանի շուրթերը ուլտրամանուշակագույն ճառագայթներից, հետո միայն՝ շրթներկ կամ փայլ:   
       
Ժամանակ առ ժամանակ շրթունքների նուրբ մաշկի մեռած բջիջները կուտակվում են: Շրթունքներն ասես թեփոտված լինեն: Դրանից ազատվելու համար կոսմետիկա արտադրող շատ ընկերություններ առաջարկում են հատուկ միջոցներ, սակայն դրանց փոխարեն կարող ենք օգտվել մեր տատիկների փորձված միջոցներից: Շաբաթը մեկ անգամ շուրթերին մեղր քսեք և մի լավ տրորեք որեւէ փոքրիկ խոզանակով:   
Մեռած բջիջներին կարելի է «հրաժեշտ տալ» այս հեշտ եղանակով:   
       
Փայլ       
       
Շրթունքների համար նախատեսված փայլերը սովորարար կպչուն և յուղոտ են լինում: Սա անհարմարավետության զգացում է ստեղծում հատկապես երկար մազերով աղջիկների համար, թեթևակի քամուց կամ որևէ շարժումից մազերը «գալիս ու կպչում» են շրթունքներին: Դրա համար, անգույն փայլը քսելուց առաջ, շրթունքները եզրագծեք ղարձյալ անգույն մատիտով:   
Կան մատիտներ, որոնց մոմանման բաղաղրությունը թույլ չի տալիս, որ փայլը տարածվի եզրերից դուրս: Իսկ եթե փայլը գունավոր է, այն քսելուց առաջ շուրթերը ներկիր միևնույն երանգի ոչ թե սովորական, այլ կայուն շրթներկով:   
       
Գույնը       
       
Որպեսզի շրթներկն ավելի երկար մնա շուրթերին, իսկ գույնը օրվա ընթացքում չխամրի, շուրթերի մաշկը պետք է հարթ լինի: Նախ շուրթերն ազատեք «թեփուկներից», այսինքն՝ մեռած բջիջներից, ապա քսեք պաշտպանող քսուք: Երբ քսուքը ներծծվի, քսեք շրթներկի առաջին շերտը, այն կտարածվի հավասարաչափ և ծալքերում չի կուտակվի: Այնուհետև անձեռոցիկով զգուշորեն հեռացրեք շրթներկի առաջին շերտը և շուրթերին թեթևակի դիմափոշի քսեք:   
Հիմա արդեն կարող եք քսել շրթներկի երկրորդ՝ հիմնական շերտը: Շրթներկը քսեք վրձնիկի օգնությամբ՝ այն տարածելով շուրթերի մեջտեղից մինչև անկյունները:   
       
Հյութեղ շրթունթներ   
       
Եթե ուզում եք, որ ձեր շրթունքները տեսականորեն ավելի մեծ երևան, հաշվի առեք այս փոքրիկ խորամանկությունը. շուրթերի մեջտեղը հարկավոր է ավելի մուգ ներկել, քան եզրերը: Կարող եք օգտվել նույն գույնի բաց և մուգ երանգներից: Մուգը քսեք մեջտեղի հատվածում, բացը՝ կողքերը: Եթե ձեզ հակառակ արդյուքն է պետք, այսինքն՝ տեսականորեն փոքրացնել մեծ շրթունքները, ապա դրանց հավասարապես քսեք միևնույն գույնը, իսկ կենտրոնում մի կաթիլ թափանցիկ փայլ քսեք:                

Դիմակներ՝ շրթունքների համար   
       
Շրթունքները խնամելու համար պարտադիր չեն թանկարժեք քսուքները: Ինքներդ էլ տնային պայմաններում կարող եք պատրաստել դիմակներ, որոնք ոչ մեծ ծախսեր են պահանջում, ոչ էլ  ժամանակ: Ահա այդ պարզ դիմակներից մի քանիսը.
   
Կաթնաշոռին խառնեք մի քիչ սերուցք (սերուցքը կարող եք փոխարինել թթվասերով): 1 թեյի գդալ խառնուրդը լրիվ բավական է: Այն քսեք շուրթերին, 10 րոպեից սրբեք:   
       
Վարունգը կամ գազարը քերեք, առանձնացրեք հյութը: Հյութը խառնեք մեղրի, թթվասերի և կաթնաշոռի հետ: Քսեք շրթունքներին: 15 րոպե հետո քսեք նաև ձեթ: Այս դիմակից հետո շրթունքները ձեռք են բերում բնական փայլ և վերանում է չորությունը:    

Աղբյուրը` doctors.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել