Armtimes.com-ը գրում է.
 Տարիներ առաջ Մոնղոլիայի մայրաքաղաք Ուլան Բատորից Հայաստան տեղափոխված եւ Գեղարքունիքի մարզի Անտառամեջ գյուղում բնակություն հաստատած ընտանիքի մորը` Բայանդոլգոր Օյունչիմեգին, օրեր առաջ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն է շնորհվել:
 Երկու երեխաները` 13-ամյա Վարսիկն ու 12-ամյա Արշակը, այդ հաջողությունն ունեցել էին նախորդ տարվա սեպտեմբերին: Բայանդոլգորը, որին հարազատներն ու մտերիմներն ուղղակի Բայինա են ասում, Մոնղոլիայում ամուսնացել է ազգությամբ հայ Հրահատ Երիցյանի հետ: Ընտանիքը որոշ ժամանակ այնտեղ ապրելուց հետո 2011-ին տեղափոխվել է Հայաստան: Բայց տարիներ անց Հրահատ Երիցյանը մահացել է: Բայինան ու նրա երեխաները, որոնց համար Անտառամեջն ու նրա բնակիչները հոգեհարազատ են դարձել, չեն մտածել հեռանալու մասին: Աստիճանաբար վերագտել են իրենց, միմյանց թեւութիկունք դառնալով էլ փորձում են տնտեսությունը զարգացնել եւ կառուցել իրենց ապագան:

«ԵՍ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻ ԵՄ: ՀԱՅԱՍՏԱՆ:»,- ֆեյսբուքյան իր էջում ընկերների հետ ուրախությունն է կիսել Բայինան: Քաղաքացիություն ստանալը նրանցից տարիների ջանքեր է պահանջել: «Ապրիլի 15-ի առավոտյան եմ իմացել, որ արդեն նախագահի թույլտվությունը կա, որ քաղաքացիություն ստանալու իրավունքը տրված է: Պարոն Բիչախչյանը ասաց (խոսքը ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանի մասին է - խմբ.) ` որ օրը քեզ հարմար լինի, կգաս, որ երդման աարողության մասնակցես եւ արդեն կարող ես դիմել անձնագրի համար»,- մեր զրույցում պատմեց մոնղոլուհի կինը: Հարցին, թե երբ է պատրաստվում Երեւան գալ, նա ծիծաղելով պատասխանեց. «Երեւի մայիսի թոշակին սպասենք, հետո»: Բայինան, ի դեպ, այնքան լավ է խոսում հայերեն, որ թվում է, թե չկա մի բառ, որը չիմանա:

Ընտանիքին, որ մինչեւ երեխաների քաղաքացիություն ստանալը պետությունից որեւէ աջակցություն չի տրվել, մարտից ընտանեկան նպաստ է վճարվում ու նաեւ ծնողազուրկի թոշակ: Այժմ, երբ մորն էլ քաղաքացիություն է շնորհվել, նա հույս ունի, որ կկարողանա աշխատանք գտնել:

Բայինան մասնագիտությամբ երաժիշտ է: Ուլան Բատորում թողել է երգչուհու իր կարիերան ու հիմա Անտառամեջում հող է մշակում, անասուն պահում: Ասում է`ամուսինը ռադիոֆիզիկ էր, բայց ամեն ինչ ձեռքից գալիս էր: Հիմա տան ամբողջ հոգսը իր փխրուն ուսերին է: Թեպետ երեխաներն էլ շատ են օգնում: «Մի կով ունենք, մի հորթ, երկու ղազ, երկու հնդկահավ: Մեկ էլ մի հատ ավանակ: Մոռացա ավանակին: Մեր տան տրանսպորտն է»,- թվարկեց մոնղոլուհին:

Հայաստանն ու Մոնղոլիան համեմատելով` նա ասում է` տարբերությունը մեծ է. «Երկիրն ուրիշ երկիր է, ամեն ինչն էլ տարբերվում է: Այնտեղ մենք քաղաքում ենք ապրել, ամուսինս աշխատել է: Ինքը ամեն ինչ անում էր, ընդունակ մարդ էր, կրթված: Դրա համար էլ ինչ գործ աներ, իր համար հեշտ էր»:

Այսօր նա նաեւ համագյուղացիների աջակցությամբ է հարմարվել հայաստանյան իրականությանը, նրանցից շատ բան սովորել: Այդ թվում` օղի թորել: Իսկ կա՞ մի բան, որ Անտառամեջի բնակիչներն իրենից են սովորել: «Չգիտեմ ինձնից իրենք ինչ կարող են սովորել: Ես այստեղ հարմարվում եմ, դրա համար էլ ես եմ իրենցից սովորում: Հո իրենք չեն եկել, որ ինձնից մի բան սովորեն... Երեւի սովորում են մոնղոլական ճաշերը: Ես սարքում եմ, հյուրասիրում եմ, իրենք էլ հետաքրքրվում են, մեկ-մեկ կանչում են, ասում են` արի պատրաստի, որ հյուրասիրենք»,- նշում է մոնղոլուհին:
 Նրա հայրենի երկրում ավանդույթ կա, որ իրենց յուրդերի` շարժական վրանանման կացարանների դռները միշտ բաց են թողում, որպեսզի անցորդները կարողանան ներս մտել, հանգստանալ, օգտվել իրենց համար դրված ուտելիքից, հետո նոր շարունակեն ճանապարհը:  
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել