Բոլորն էլ մի օր մահանում են: Ֆիզիկական աշխարհում մահացածին պատկանող իրերը վերացնելը բավականին հեշտ է, սակայն ինչպե՞ս վարվել մահացած անձի՝ սոցիալական ցանցերում ունեցած հաշիվների հետ:
Օրինակ՝ Facebook-ի հիմնադրման օրվանից սկսած՝ մահացել է ցանցի ավելի քան 30 միլիոն օգտատեր, ու հիմա էլ տարեկան մոտավորապես մեկ միլիոն ֆեյսբուքյան օգտատեր է հեռանում կյանքից: Իսկ ի՞նչ է պատահում այդ «ուրվական-հաշիվների» հետ, որոնց գաղտնաբառը, բացի դրա տիրոջից, ուրիշ ոչ ոք չգիտեր: Ահա թե ինչ կերպ են վարվում ամենահայտնի սոցիալական ցանցերը:
Twitter-ի մահացած օգտատերերի հաշիվներն ուղղակի ջնջվում են, սակայն սա ավտոմատ կերպով չի կատարվում, քանի որ այդ դեպքում համեմատաբար քիչ ակտիվ մարդկանց հաշիվները վտանգի տակ կլինեին:
Փոխարենը, Twitter-ն իր օգտատերերին խնդրում է, որ որևէ ծանոթի մահացության դեպքում նրա ընկերները անպայման դիմեն Twitter-ի Անվտանգության խորհուրդ, որպեսզի վերանայումից հետո հաշիվը ջնջվի: Բնականաբար, եթե հաղորդում ուղարկեք, թե ինչ-որ մի հայտնի մարդ մահացել է, Twitter-ն անպայման կպահանջի ներկայացնել որևէ պաշտոնական փաստաթուղթ՝ մահվան վկայական կամ անձի մահը հաստատող մեկ այլ փաստաթուղթ:
Dropbox-ում ամեն ինչ ավելի պարզ է: Օնլայն հարթակն ավտոմատ կերպով կջնջի ձեր հաշիվը, եթե ավելի քան 15 ամիս մուտք չգործեք: Dropbox-ի պարագայում սա ընդունելի քաղաքականություն է, քանի որ այն մասնագիտական հարթակ է գործարարների և այլ ակտիվ մարդկանց համար, իսկ եթե 15 ամիս չեք օգտագործում ձեր հաշիվը, ապա կարծես թե նորմալ է, որ այն ջնջվում է:
Միգուցե 15 ամիսը շատ քիչ է թվում, բայց պետք չէ մտահոգվել, քանի որ ձեր հաշիվը ջնջելուց առաջ բազմաթիվ նախազգուշացնող նամակներ կստանաք Dropbox-ից, և հարկ եղած դեպքում հաստատ կկարողանաք փրկել ձեր հաշիվը:
Ի տարբերություն Dropbox-ի և Twitter-ի՝ Facebook-ն ավելի անհատական մոտեցում է ցուցաբերում իր հաճախորդներին: Երբ նամակ ուղարկեք, որ տվյալ հաշվի տերը մահացել է, այն միանգամից ջնջելու փոխարեն Facebook-ը կառաջարկի մեկ այլ ավանդական տարբերակ. որպես հիշատակ պահել մահացած անձի հաշիվը, սակայն նշել, որ այն այլևս չի գործում: Երկու դեպքում էլ ձեզնից կպահանջվի ներկայացնել անձի մահվան վկայականը:



