Картинки по запросу իրավական1. Բոլորս (կամ ոչ բոլորս) գիտենք, որ գնորդն իրավունք ունի 14 օրվա ընթացքում վաճառողին վերադարձնելու իր գնած ապրանքը (բացառությամբ՝ ուտելիքի և խմիչքի) կամ վաճառողից պահանջել իր գնած ապրանքը փոխարինել այլ ապրանքով (եթե անգամ ապրանքի որակը պատշաճ է): Այն ապրանքների ցանկը, որոնք չեն կարող վերադարձվել կամ փոխարինվել, սահմանված են կառավարության որոշմամբ:
Կառավարության այդ որոշման մեջ փոփոխություններ են կատարվել, որոնց ուժով Դուք արդեն կարող եք վաճառողին վերադարձնել կամ պահանջել փոխարինել նաև Ձեր գնած օծանելիքը, կենցաղային կահույքը և երաշխիքային ժամկետ ունեցող կենցաղային նշանակության տեխնիկապես բարդ ապրանքները (կենցաղային տեխնիկա, էլեկտրոնիկա և այլն):

2. Փոփոխություն է կատարվել ՀՀ քրեական օրենսգրքում:
Նախկինում քրեական պատասխանատվություն էր սահմանված հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարները վճարելուց ՉԱՐԱՄՏՈՐԵՆ խուսափելու համար (որը կարող էր կատարվել համապատասխան փաստաթղթերը հարկային մարմնին չներկայացնելու կամ դրանցում ակնհայտ խեղաթյուրված տվյալներ մտցնելու եղանակով):
Իսկ այժմ քրեական պատասխանատվություն է սահմանված հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը խոշոր չափերով չվճարելու նպատակով համապատասխան փաստաթղթերը հարկային մարմնին չներկայացնելու կամ այդ փաստաթղթերում ակնհայտ կեղծ տվյալ մտցնելու համար:
Այսինքն, քրեական օրենսգրքից հանվել է հարկը «ՉԱՐԱՄՏՈՐԵՆ» չվճարելու գաղափարը:

3. Ծավալուն փոփոխություններ են կատարվել քաղաքացիական օրենսգրքում.
- մանրամասնեցվել և փոփոխվել են սերվիտուտի ինստիտուտը կարգավորող իրավանորմերը,
- ավելացվել են «անձնական սերվիտուտ» և «ուզուֆրուկտ» հասկացությունները՝ համապատասխան իրավակարգավորումներով,
- փոփոխություններ են կատարվել հավատարմագրային կառավարման պայմանագրին առնչվող նորմերում, մի շարք նորմեր ուժը կորցրած են ճանաչվել,
- հավատարմագրային կառավարման պայմանագիրը կարող է կնքվել ոչ թե նախկինի պես մինչև 5 տարի ժամկետով, այլ՝ պայմանագրով սահմանված ժամկետով, եթե օրենքով այլ ժամկետներ սահմանված չեն,
- հավատարմագրային կառավարման ինքնուրույն օբյեկտ կարող է լինել ցանկացած գույք և գույքային իրավունք (այդ թվում՝ դրամը),
- փոփոխություններ են կատարվել ֆոնդերին առնչվող նորմերում,
- ֆոնդի կառավարման պայմանագրով ֆոնդի կառավարչին կարող է տրամադրել ոչ միայն դրամական միջոցներ, այլև՝ գույք:

4. Փոփոխություններ են կատարվել պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի տրամադրման կարգում և «Ներդրումային ֆոնդերի մասին» օրենքում:

5. Հաշվապահների համար - որոշակի նորամուծություններ (?) կան ԱԱՀ-ի ոլորտում:

6. Կառավարության որոշմամբ հաստատվել է արտակարգ իրավիճակների, զինված հարձակման կամ պատերազմ հայտարարվելու դեպքում բնակչության իրազեկման կարգը:

#պաշտոնականՏեղեկագիր

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել