Հիշե՛ք Ձեր սիրելի զույգին կամ հենց Ձեր ամուսնուն։ Հավանաբար նկատել եք դիմագծերի զարմանալի նմանությունը՝ լինի նույն քիթը, նույն շագանակագույն աչքերը, թե նույն այտերը։ Հնարավոր է՝ մտածեք, թե դա ընդամենը պատահականության կամ Ձեր երևակայության արդյունքն է, բայց վերջին հետազոտություններից մեկը պարզել է, որ ամուսիններն իսկապես նման են իրար, ու տալիս է դրա պատճառը։ PLOS Genetics ամսագիրը գրում է, որ հետազոտության համաձայն՝ ամուսնացած զույգերը հաճախ նման են միմյանց, որովհետև մարդիկ հակված են ամուսնանալ մեկի հետ, ով նույն ծագումն ունի, ինչ նրանք, սակայն այս տենդենցը նվազում է։

Փենսիլվանիայի համալսարանի, Բոստոնի Հանրային առողջության համալսարանի ու Կալիֆոռնիայի համալսարանի հետազոտողներ Ռոնի Սեբրոն, Ժոզե Դուպուիսն ու Նեյլ Ռիշը ավելի քան 800 ամուսնական զույգի ծագումը պարզելու համար ուսումնասիրեցին նրանց գենոմային տվյալները։ Դրանց հիման վրա նրանք բացահայտեցին, որ ամուսինները գենետիկորեն նույնիսկ ավելի նման են, քան սպասվում էր։ Հետազոտության հեղինակները գրում են. «Մինչև վերջերս շատ մարդիկ ամուսին են ընտրել հենց իրենց համայնքից, ու այդ մարդիկ մեծամասամբ նույն ծագումն են ունեցել, ինչ նրանք»։

Պարզ չէ, թե ինչու է նման ֆիզիկական տվյալներ ունեցող զուգընկեր ընտրելու տենդենցը գնալով ավելի ու ավելի նվազում, բայց համացանցը, գլոբալիզացիան ու մարդկանց ավելի մեծ բազմազանությունը, հնարավոր է, նպաստում են դրան։

Image result for spouses

Բայց սա դեռ չի նշանակում, որ ամուսիններն այլևս նման չեն լինի միմյանց։ Ավելի վաղ կատարված մի հետազոտության ժամանակ լուսանկարում էին նորապսակ զույգերին ու հետո նույն զույգերին լուսանկարում էին 25 տարի անց։ Այդ լուսանկարները փաստում են, որ ժամանակի ընթացքում ամուսինները նմանվում են միմյանց։

Հետազոտողներն այս ատրիբուրը կապում են երջանիկ ամուսնության ու միասին անցկացրած ժամանակի հետ, որն առաջացնում է դիմային նույն արտահայտությունը։ Որպես օրինակ կարելի է բերել այն, որ երբ Ձեր զուգընկերը ծիծաղում է ու դրանով ստիպում ծիծաղել նաև Ձեզ, երկուսդ էլ միաժամանակ զարգացնում եք ծիծաղից առաջացող գծեր։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել