Yerkir.am-ը գրում է.Համատեղ համակարգող հանձնախմբի չորրորդ նիստի մասնակիցներն անդրադարձել են ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի շրջանակներում իրականացված աշխատանքների ընթացքին, քննարկել 2017թ. պլանային նախազգուշական վերանորոգման և վերալիցքավորման, շահագործման թույլտվության, մասնավորապես՝ գործիքային հետազոտման և հաշվարկային հիմնավորման, սարքավորումների արդիականացման և փոխարինման միջոցառումների հետ կապված հարցերը։ Դիտարկվել են նաև տեղեկատվական-ուսումնական նախագծերի իրականացման, այդ թվում՝ ՌԴ բարձրագույն ուսումնական հաստատություններում ատոմային էներգետիկայի ոլորտին առնչվող մասնագիտությունների գծով հայ ուսանողների ներգրավման և ուսուցման հնարավորությունները։
Անդրադառնալով առաջիկա անելիքներին՝ «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Կ. Կոմարովը կարևորել է ՀԱԷԿ-ի պլանային նախազգուշական վերանորոգման (ՊՆՎ-2017) միջոցառումների պատշաճ կազմակերպումը.
-Այս պահին անհրաժեշտ է կենտրոնանալ ՊՆՎ-2017-ի նախապատրաստման միջոցառումների իրականացման վրա, որպեսզի հնարավոր լինի ժամանակին և բարեհաջող ավարտել պլանային նախազգուշական վերանորոգման աշխատանքները՝ հիմնական շեշտը դնելով ՀԱԷԿ-ի անվտանգության վրա։
Նիստի արդյունքում ընդունվել են մի շարք որոշումներ, այդ թվում՝ ՀԱԷԿ-ը լրացուցիչ շահագործման ժամկետին նախապատրաստելու համախմբված միջոցառումների և երկարաձգման ներդրումային ծրագրերի մշակման վերաբերյալ։ Հաստատվել է ՊՆՎ-2017-ի ընթացքում երկրորդ էներգաբոլկի տեխնիկական վիճակի ուսումնասիրման և գնահատման լրացուցիչ միջոցառումների ցանկը, դիտարկվել են արդիականացման աշխատանքներին նախագծային և գլխամասային կապալառու կազմակերպությունների ներգրավման հնարավորությունները։



