Ամենաշատը ես խղճում եմ մեր ուսուցիչներին։ Նրանք հիմա դարձել են հասարակության ամենախոցելի ու ամենաանպաշտպան խավը։ Բացատրեմ ինչու։ Նախկինում ամեն ինչ աղբյուրի ջրի պես պարզ էր. գերազանցիկ, աչքաբաց երեխաներն իրենց ուսումը շարունակում էին բուհերում, թույլ աշակերտները լավագույն դեպքում պրոֆտեխուսումնարանում «փեշակ» էին սովորում, ավելի անհուսալիները չոբան ու ավտովարորդ էին դառնում, պահակ ու հնոցապան էին դառնում կամ միլիցիոներ։
Ուսուցիչներն այդ թույլ աշակերտներին «դմբո» ու «դանդալոշ» էին անվանում, «տխմար» ու «ոչխար» էին անվանում, ու նրանք համարյա թե չէին վիրավորվում։ Ու ինչո՞ւ պիտի վիրավորվեին, երբ չէին կարող հակառակն ապացուցել։
Հիմա ժամանակները 180 աստիճանով փոխվել են։ Դե եկ ու դրանց «դմբո» կամ «դանդալոշ» անվանիր։ Հայոց երկրի ապագա տերերը հենց նրանց միջից են դուրս գալու։ Մի գեղեցիկ օր բարձրագույնի դիպլոմ կգնեն ու նախարար կամ ԱԺ պատգամավոր կդառնան, օլիգարխ ու մարզպետ կդառնան, քրեական ավտորիտետ կամ ԱԺ նախագահ կդառնան, երկրի տեր ու տիրակալ կդառնան...
Դե եկ պատասխան տուր նրանց «դմբո» կամ «չորքոտանի» կնքած հարգելի ուսուցիչ։ Այդ ապուշներից մեկն էլ, ասենք, կրթության նախարար կամ դպրոցիդ տնօրենը կդառնա, սկզբում ժամերդ կկրճատի, հաջորդ օրն էլ քեզ։
Այնպես որ, հարգելի ուսուցիչներ, զգույշ վարվեք հայոց ապագայի հետ, նրանք վաղվա մեր «էլիտան» են։ Նույնիսկ եթե 100 տոկոսով գիտեք, որ ձեր դիմաց նստածը անհուսալի բթամիտ է, և նրա գլխում տորիչելլյան դատարկություն է տիրում, պատկառանքով վերաբերվեք հետը։ Շատ հնարավոր է վաղը նա է որոշելու քո և քո երկրի ճակատագիրը...
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/vardges.ovyan/posts/360418747400468
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել