Newmag-ը գրում է.Նոր թոք-շոուն կոչվում է «Ուրիշ երկիր», որի ընթացքում սուր հարցեր կառաջադրի և տարբեր խնդիրներինկանդրադառնա Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին մարզպետ Միխայիլ Սահակաշվիլին:
Առաջին հաղորդումը արդեն տեսագրվել է: Այս մասին Միխայիլ Սահակաշվիլին հայտնել է ֆեյսբուքյան իր էջում:
«Առաջին ծրագիրը ZIK հեռուստաալիքով շատ սուր է ստացվել: Յուրաքանչյուր շաբաթ ես ձեզ ցույց կտամ Ուկրաինան այնպիսին, ինչպիսին դուք չեք տեսնի որևէ այլ հեռուստաալիքով», – գրել է նա:
Սահակաշվիլին իր էջում տեղադրել է նաև հաղորդման տեսագրման ընթացքը պատկերող լուսանկարներ, որոնցից մեկում նա կանգնած է շան բնի կողքը:
Այս ձևավորումը պատահական չէ և կապված է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի վերջին հայտարարություններից մեկի հետ. նա նշել էր, որ այն ընթացքում, երբ իշխանությունը փորձում է բարեփոխումներ իրականացնել, նրա մրցակիցները զբաղված են երկրում իրավիճակի ապակայունացմամբ, քանի որ ուրիշ ոչինչ չեն կարողանում անել և «իրենց կյանքի ընթացքում անգամ մի շան բուն չեն սարքել»:
Արդեն հայտնի է, որ քաղաքական թոք-շոուն եթեր կհեռարձակվի շաբաթը մեկ անգամ: Բացի քաղաքական գործիչների և փորձագետների մասնակցությամբ տաղավարի ձևաչափը, հաղորդումը կներկայացնի միացումներ մարզերից, որոնց ընթացքում շարքային քաղաքացիները հնարավորություն կունենան խոսելու իրենց հուզող հրատապ հարցերի մասին:
«Սա Միխայիլ Սահակաշվիլիի միակ հնարավորությունն է Ուկրաինայի տեղեկատվական տարածքում շփոթություն առաջացնելու համար: Նա կաշխատի էլ ավելի ազդել Պորոշենկոյի նյարդերի վրա, կստիպի նրան նոր սխալներ անել. չէ որ միայն Սահակաշվիլիի անվան հիշատակումից Պորոշենկոն ցնցումների մեջ է ընկնում», – գրում են սոցիալական ցանցերի ուկրաինացի օգտատերերը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: