Մայրի՛կ, մի՛ սպանիր ինձ (մանկասպանության կամ հղիության արհեստական ընդհատման մասին).
«Ես մարդ եմ, ով զրկվել է անունից: Ես երեխա եմ, ով չունի ծնողներ:
Մահը ծնունդիցս առաջ առևանգեց ինձ: Խավարից անցա մթություն՝ լույս չտեսնելով անգամ:
Սակայն ես, այնուամենայնիվ, դիմում եմ քեզ և կոչում՝ ո՛վ Մայր:
Քեզ եմ դիմում. դո՛ւ, որ ինձ սրտիդ տակ ունեցար, կրեցիր, այնուհետև մահվան ոսկրոտ գիրկը նետեցիր, ինչպես գետն անցնելիս խանգարող իրը կշպրտեն:
Ես ուզում եմ ասել, որ սիրում էի քեզ նախքան իմ ծնունդը, որը մահը եղավ:
Այդ պահին, երբ երկաթե մագիլները մոտեցան մարմնիս, ես անձայն սկսեցի աղաղակել. «Մայրի՛կ, փրկի՛ր ինձ»:
Երբ գիշատիչների ատամների պես դրանք մխրճվեցին մարմնիս մեջ, ես նորից աղաղակեցի. «Մայրի՛կ, մի՛ սպանիր ինձ, մայրի՛կ, խղճա՛ »:
Սակայն դու չլսեցիր քո սրտի բնակչին, և քո մայրական արգանդը դարձավ իմ կառափնարանը:
Մա’յր, ինչո՞ւ սպանեցիր ինձ, չէ՞ որ դու այդպիսի սուրբ և հրաշալի անվան կրողն ես:
Երևի թե դու էլ չգիտեիր, թե ինչպես եմ սիրել քեզ, երբ մարմնովս մեկ էի քեզ հետ:
Ես փափագում էի պարանոցիդ թաթիկներովս փաթաթվել, սակայն անխիղճ դահիճը կտրեց իմ ձեռքերը:
Ես ուզում էի կրծքիդ սրտովս հպվել, սակայն երկաթը խոցեց իմ սիրտը: Ես երազում էի, որ դու ինձ ձեռքերիդ վրա օրորեիր ու տաքացնեիր, բայց դու հավերժ խավարի սառնության մեջ նետեցիր ինձ:
Ուրիշ մանչուկներին դնում են օրորոցների մեջ, իսկ իմ մարմինը քառատված շպրտվեց աղբահոր՝ արնաշաղախ լաթերի և հոտած աղբի վրա:
Երևի դու քո այլ զավակի վրա աղոթք ես անում, իսկ ես... Ես անգամ վախենում եմ Մայր բառն արտասանել, քանզի հիշում եմ այն մագիլները, որոնք պատառոտում էին մարմինս:
Այդ պահից մորս մարմինը ինձ համար վերածվեց սառը օձի:
Երկու սրբազան բառեր կան՝ Աստված և Մայր: Աստված Իր ողորմությամբ չթողեց ինձ, սակայն աչքերս չբացվեցին Մկրտությամբ, և ես չեմ տեսնում Նրան:
Իսկ մյուսը՝ Մայր, ում կորցրի: Քեզ պետք չէր իմ սերը: Քեզ պետք չէի ես:
Ես որբուկ եմ, ով ունի ծնողներ և ում մայրը ողջ է:
Նա ինձ նետեց հավերժի խավար՝ անգամ չնայելով դեմքիս: Սակայն դու ավելի դժբախտ ես, քան ես. երբ դահճի դաշույնը կտրատում էր ինձ, մահացավ քո սիրտը, սակայն, դու դա չհասկացար:
Դու զրկեցիր ինձ ոչ միայն կյանքից, այլև Աստծո Արքայությունից:
Ես տեսնում եմ Երկնային եկեղեցուց սփռվող լույսը, բայց և չեմ կարողանում մտնել այնտեղ:
Մա՛յր, դու նաև դարձար հոգուս կործանողը: Դու վաճառեցիր ինձ, ինչպես Հուդան՝ Տիրոջը: Վաճառեցիր, սեփական մանչուկիցդ ազատվելու համար, և ինքդ էլ վճարեցիր մահվանս համար: Դու որոշեցիր, որ ես մեռնեմ, որպեսզի, քո մյուս երեխան լավ լինի: Բայց չէ՞ որ ես էլ եմ քո երեխան: Դու չլսեցիր ինձ, երբ ես արգանդումդ սարսափահար ճչում էի. «Մա°յր, խղճա ինձ »:Գոնե այժմ լսիր. «Մա՛յր, խղճա՛ ինքդ քեզ, մաքրիր հոգիդ զղջման արցունքներով, և եթե մեկ այլ զավակ էլ ունենաս ինձ հասանելիք սերն էլ տուր նրան, թող նա լսի մոր աղոթքը, մոր օրորոցայինը...
Սակայն այնուամենայնիվ, Հանդերձյալում ես զրկված չեմ Քրիստոսի լույսի շողարձակումներից, որը թեպետ հեռվից, բայց ծորում է ինձ վրա, և այդ շողերով լուսավորված եմ սիրում քեզ, իմ խեղճ Մայր... »:
…Չպետք է մոռանալ, որ սպանություն է տեղի ունենում: Պտուղը մարդ է ձևավորման առաջին իսկ օրվանից ունի հոգի. զգում է, լսում է, հասկանում: Զգո՛ւյշ եղեք, չխաբվեք, քանզի չարը մռնչացող առյուծի նման շրջում է, որպեսզի կորստյան համար նոր զոհեր կլանի: Հիշե՛ք, որ ամեն մի ընդհատված հղիություն մարդկային զոհաբերություն է սատանային:
Սթափվե՛ք, չդառնաք զոհ և զոհ չդարձնեք դեռևս չծնված մանուկներին:
Ոչ մի պատճառաբանություն ձեզ չի փրկի. ամեն անգամ հղիություն ընհատելիս ինքներս մեր ձեռքերով խաչում և սպանում ենք Փրկչին:
Երեխայի քաղցրությունը պետք է զգալ ոչ թե նրա ծնունդից հետո, այլ երբ դեռևս ամուսնացած չեք:
Հիշեք, որ ամեն անգամ, երբ ձեր մտքով գեթ անցկացնում ենք այն միտքը, որ կարելի է հրաժարվել անցանկալի երեխայից, երեխան անմիջապես զգում է այդ, և դա նրա համար մեծ հարված է դառնում: Էլ ո՞ւր մնաց, երբ երկաթե աքցաններն են մոտենում նրան. նա սկսում է զգալ մահվան գալուստը և փորձում է փախչել և ապաստան գտնել մոր արգանդում: Բայց նա արդեն իսկ լքված է իր մոր կողմից և դատապարտված մասնատվելու դահիճ բժիշկների երկաթե գործիքներով: Պետք է այս ամենը մտապահել, ով հայոց ապագա մայրեր և հայրեր:
Անբան կենդանիները, օրինակ գայլերը, սնուցում են անգամ իրենց որջի մոտ եղած երեխաներին. կան բազում ապացույցներ: Իսկ մարդ արարածս վախենում է մեկ երեխա ավելի ծնել ու մեծացնել:
Բայց չէ՞ որ մենք պատկերն ու նմանությունն ենք Աստծո:
Ռուսերենրից թարգմանությունը` Տ. Շմավոն քահանա Ղևոնդյանի: