Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պատրաստվում էր այցելել Մոսկվա ոչ շուտ, քան Ուկրաինայում և Սիրիայում կարգավորման մեջ առաջընթացի ձեռք բերումը, սակայն նրա դիրքորոշումը կտրուկ փոխվել է, գրում է Spiegel-ը: Մերկելը Մոսկվա կգա մայիսի 2-ին: Բեռլինում Կրեմլի հանդիպումը հիմնավորել են G20 գագաթնաժողովին պատրաստմամբ, որը հուլիսին տեղի կունենա Համբուրգում:
«Իրականում այդ այցը ամենավատը կանխելու փորձ է»,- ասված է հոդվածում:
Պարբերականի վարկածով` գերմանացի դիվանագետները Ուկրաինայում իրադրությունը համարում են ծայրահեղ վտանգավոր: Վերջին ամիսներին Դոնբասում գործերը վատացել են: Միաժամանակ, ԱՄՆ ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը խառնել է համաշխարհային քաղաքականության բոլոր խաղաթղթերը: Վաշինգտոնը դեռևս չի կողմնորոշվել Ռուսաստանի նկատմամբ քաղաքականության հարցում:
«Ստեղծվել է պայթյունավտանգ իրադրություն»,- գրում է Spiegel-ը, նշելով, որ կանցլերի գերատեսչությունում սպասում էին այլ բանի:
Թրամփի ընտրվելուց հետո Բեռլինում անհանգստանում էին, որ նա Պուտինի հետ կպայմանավորվի Ուկրաինայի հարցում` շրջանցելով եվրոպացիներին: «Սակայն ամեն ինչ ստացվեց հակառակը: Վաշինգտոնը Մոսկվայի նկատմամբ ընտրեց այնքան զուսպ գիծ, որ պարզապես դժվար է դառնում աշխատել: Խնդիրը ոչ թե ԱՄՆ-ի և Մոսկվայի ակտիվ մերձեցումն է, այլ բացարձակ լռությունը»,- գրում է Spiegel-ը:
Մերկելն իր հերթին ստեղծված իրադրությունը համարում է ծայրահեղ լուրջ: Երեք շաբաթ առաջ կանցլերը մեկնել է Վաշինգտոն, որպեսզի «ամերիկացիներին վերադարձնի խաղի մեջ», իսկ այժմ կմեկնի Ռուսաստան: