Armtimes.com-ը գրում է.
 Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը դրական է գնահատում հայ ծանրորդների ելույթները Եվրոպայի 2017 թ. առաջնությունում: Խորվաթիայի Սպլիթ քաղաքում ապրիլի 1-9 տեղի ունեցած մրցաշարից Հայաստանի տղամարդկանց հավաքականի կազմում ոսկե մեդալ նվաճեց օլիմպիական փոխչեմպիոն 105 կգ քաշային Սիմոն Մարտիրոսյանը, օլիմպիական փոխչեմպիոն +105 կգ քաշային Գոռ Մինասյանը նվաճեց արծաթե մեդալ, նույն քաշային կարգում հանդես եկող Ռուբեն Ալեքսանյանն էլ բրոնզե մեդալակիր դարձավ: Այսօր՝ ապրիլի 11-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ալավերդյանը նշեց, որ գոհ է մարզիկներից:

«Տղաներն իսկապես փառքով մասնակցեցին, իսկապես փառահեղ մասնակցություն էր: Օլիմպիական խաղերից հետո ուշքի գալ, այդքան ժամանակ ազատ լինելուց հետո գալ, կարճ ժամանակում հասցնել այս արդյունքներին իսկապես հերոսություն էր: Ունեցանք 1 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալ: Դա մաքսիմումն էր, չէինք կարող դրանից ավելին ունենալ, մեր հնարավորություններն այդքան էին»,- ասաց նա:

Մրցաշարին Ռիո 2016-ում ստացած արմունկի լուրջ վնասվածքից եւ վիրահատությունից հետո առաջին անգամ հարթակ դուրս եկավ Անդրանիկ Կարապետյանը: Եվրոպայի 2016 թ. չեմպիոնը հանդես եկավ ոչ թե իր համար հիմնական 77, այլ 85 կգ քաշային կարգում: Նա հանդես էր գալիս B խմբում, քանի որ սա նրա համար փորձնական մրցում էր: A խմբի մրցելույթների ավարտից հետո գրավեց 12-րդ տեղը:

«Նրա մասնակցությունն իմ մարզչական որոշումն էր, որպեսզի նա հոգեբանական ճնշումից ազատվի: Մասնակցեց շատ լավ, բարձր մակարդակով, սպասվածից էլ լավ: Նույնիսկ ավելի մեծ կիլոգրամների մոտենալու ցանկություն հայտնեց, բայց մենք մարզչական խորհրդի հետ որոշեցինք թույլ չտալ»,- ասաց նա՝ ավելացնելով, որ հստակ չի կարող ասել, թե որ քաշային կարգում է Անդրանիկ Կարապետյանը շարունակելու ելույթները:

Եվրոպայի առաջնությանը մասնակցում էին նաեւ 2 երիտասարդ: 94 կգ քաշային Կարուշ Ղուկասյանը հանդես եկավ B խմբում: A խմբի մրցելույթների ավարտից հետո զբաղեցրեց 13-րդ տեղը: 105 կգ քաշային Սամվել Գասպարյանը հանդես եկավ A խմբում եւ գրավեց 7-րդ տեղը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել