Մնանք երիտասարդ. սովորենք մաշկը խնամելու պարզ կանոններըՄաշկը խնամելու համար կոնկրետ տարիք գոյություն չունի. այսպիսին է մասնագետների կարծիքը: Երիտասարդ կանանցից շատերը լրջորեն չեն զբաղվում մաշկի խնամքով ու բավարարվում են նրանով, ինչ ունեն:

«Պետք է ավելի հեռուն նայել ու աշխատել մաշկի թարմությունը հնարավորինս երկար տարիներ պահպանել»,-ասում է Mary Cohr ֆրանսիական ինստիտուտի կողմից վկայագրված մաշկի խնամքի մասնագետ Վիքի Օդեն: Cosmopolitan-ը զրուցեց նրա հետ` պարզելու մաշկի խնամքի պարզ, բայց կարևոր կանոնները:

Մաշկի խնամքի ոսկե կանոնը

Մաշկը պետք է մաքրել օրական երկու անգամ: Առավոտյան միայն ջրով լվացվելը չի մաքրի այն. դրա համար պետք է օգտագործել համապատասխան նյութեր, ընդ որում՝ խորհուրդ է տրվում կիրառել երկու միջոց՝ կաթ (կամ գել) և տոնիկ (կամ լոսյոն): Իսկ մաքրելուց հետո դեմքին պետք է քսուք քսել, իսկ թե ինչպիսի միջոցներ են համապատասխան քո մաշկին, լավ կլինի՝ ճշտես միանգամից մաշկի խնամքի մասնագետից. նշեմ, որ նրանցից շատերի մոտ խորհրդատվությունն անվճար է:

Չի-կա-րե-լի

Նույնիսկ եթե դիմահարդարումդ շատ թեթև է, անպայման մաքրիր այն քնելուց առաջ: Թող, որ մաշկդ շնչի ու հանգստանա: Երեկոյան չմոռանաս մաշկը մաքրելուց հետո և քնելուց մի քանի ժամ առաջ դեմքիդ քսել այն քսուքները, որոնք նախատեսված են քո դեմքի համար: Ընդ որում՝ աչքերիդ շուրջ նույն քսուքը չօգտագործես. այն պետք է տարբեր լինի դեմքի համար նախատեսվածից:

Արևից պաշտպանվել է պետք ոչ միայն ամռանը

Առավոտյան, երբ արդեն մաքրել ես մաշկդ ու քսել համապատասխան քսուքը, տնից դուրս մի՛ արի առանց արևապաշտպան քսուքի. լինի դա ամառ, թե ձմեռ: Անկախ արևի առկայությունից՝ այս քսուքը պաշտպանում է բնական լույսի ազդեցությունից և ուլտրամանուշակագույն ճառագայթներից: Շատ քսուքներ պարունակում են արևապաշտպան բաղադրիչներ, սակայն դրանք բավարար չեն:

Որքա՞ն հաճախ գնալ կոսմետոլոգի մոտ մաշկի մաքրման համար

Կա տարածված սխալ կարծիք, որ մաշկը խորապես մաքրելու համար բավական է տարեկան միայն մեկ անգամ գնալ կոսմետոլոգի մոտ: Իրականում եթե նոր ես սկսում խնամել մաշկդ, առաջին ամսվա ընթացքում շաբաթական 1 անգամ մաքրիր այն, իսկ հետո ստացված արդյունքը պահպանելու համար՝ ամիսը մեկ անգամ: Կան մաշկի մաքրման մի քանի ձևեր՝ գոլորշու օգնությամբ, վակուումով, մակերեսային փիլինգ և այլն:

Վիքի Օդեի խոսքով՝ շատ երկրներում վաղուց արդեն հրաժարվել են գոլորշու միջոցով մաքրումից, քանի որ այն կարող է վնասել շատերի մաշկը` լայնացնելով մազանոթները և գրգռելով այն: Իսկ վակուումով մաքրելը նախընտրելի տարբերակ է, քանի որ այն շատ ավելի մեղմ միջոց է և չի համեմատվում նախկին տասնամյակներում կիրառվող ագրեսիվ միջոցների հետ:

Որո՞նք են մաշկի խնամքի լավագույն միջոցները

Մաշկի խնամքի համար աշխատիր ընտրել այնպիսի ընկերությունների արտադրանքնեը, որոնք մասնագիտացված ու կենտրոնացած են միայն մաշկի խնամքի միջոցների վրա ու առաջարկում են շատ լայն տեսականի: «Ինչքան մեծ է առաջարկվող տեսականին, այնքան ավելի ճիշտ կկատարվի մաշկին համապատասխան քսուքի ընտրությունը»,- նշում է Վիքի Օդեն: Սա վերաբերում է նաև կոսմետիկ դիմահարդարման միջոցներին: Մաշկի բոլոր տիպերի համար չի կարելի օգտագործել միևնույն տոնային քսուքը. օրինակ՝ խոնավ մաշկի համար նախատեսված տոնայինը տարբերվում է չոր մաշկի միջոցից:

P.S. Մաշկի խնամքի նման կարևոր հարցում չի կարելի վստահել վաճառողուհուն, որը խորհուրդ է տալիս՝ այստեղից-այնտեղից ինչ-որ բաներ լսելով ու առանց մասնագիտական մոտեցման: Միշտ հիշիր, որ մաշկի խնամքը յուրաքանչյուր կնոջ համար անհատական է: Ու հոգ տար դեմքիդ մասին, քանի որ այն քո այցեքարտն է ոչ միայն այսօր, այլև տարիներ անց :)

Նյութի աղբյուրը` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել