Ամերիկյան New York Times պարբերականը Պուլիտցերյան մրցանակ է ստացել «Միջազգային լրագրություն» անվանակարգում՝ աշխարհում Ռուսաստանի ազդեցության տարածման մասին հոդվածների շարքի համար։
«Ֆոտոնորություն» անվանակարգում մրցանակը ստացել է անկախ լրագրող Դանիել Բերեհուլակը՝ Ֆիլիպիններում թմրանյութերի դեմ պայքարի մասին ֆոտոռեպորտաժի համար, որը թողարկվել է նաև NYT-ի էջերում։
«Հանրությանը ծառայելու համար» անվանակարգում մրցանակը ստացել են New York Daily News –ն ու ProPublica-ն Նյու Յորքի պետական բնակարաններից չունևոր քաղաքացիների վտարման մասին նյութերի համար։
Պուլիտցերյան մրցանակ է ստացել նաև Washington Post-ի լրագրող Դևիդ Ֆարենթհոլդը՝ Թրամփի բարեգործական գործունեության հետաքննման համար։
«Բացատրական լրագրություն» անվանակարգում հաղթել են Կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության հետազոտման կենտրոնի (OCCRP), McClatchy-ի և The Miami Herald-ի նյութերը պանամական օֆշորների մասին։
Պուլիտցերյան մրցանակը շնորհվում է 1917 թվականից լրագրության, գրականության և երաժշտության ոլորտում ձեռքբերումների համար։ Այս տարի մրցանակը շնորհվել է 21 անվանակարգում, առաջադրված է եղել ավելի քան 3000 ստեղծագործություն, որից 1200-ը՝ լրագրողական աշխատանքներ։