1950-ական ու 60-ական թվականներին Մարիա ու Դելֆինա Խեսուս Գոնսալեսները Հարավային Մեքսիկայում մեծածավալ մարմնավաճառություն էին կազմակերպում։ Դրան գումարած՝ քույրերը զանգվածային սպանությունների մասնակից էին, որոնց թիրախ էին դառնում մարմնավաճառները, հարուստ տղամարդիկ ու ապօրինի կապերից ծնված երեխաները։

Շատ այլ մարդասպանների նման Գոնսալես քույրերի հանցագործությունները բացահայտվեցին, երբ ոստիկաությունը դուրս եկավ նրանց բարեկամներից մեկի հետքի վրա։ Քույրերի բարեկամ Ժոզեֆինա Գոնսալեսին կասկածում էին մի աղջկա առևանգելու մեջ, և հարցաքննությունների ժամանակ Ժոզեֆինան բացահայտեց սարսափելի պատմությունը, որը հայտնի էր «դժոխքի պոռնկանոց» անվամբ։

Գոնսալես քույրերը ծնվել են Էլ Սալտոյում, ծայրահեղ աղքատ պայմաններում։ Նրանց հայրը՝ Իսդիրո Տոռեսը, անընդհատ հայհոյում էր նրանց ու ստիպում, որ հետևեն իր սահմանած խիստ կանոններին։ Այս մարդը ևս հայտնի էր իր չարագործություններով։ Նա ևս դարձել էր շատ անմեղ մարդկանց մահվան պատճառ ու նույնիսկ բանտ էր նետել իր հարազատ քույրերին՝ չափից դուրս բաց հագնվելու կամ չափից դուրս շատ շպարվելու համար։

Քանի որ Տոռեսը մի քանի թշնամիներ էր ձեռք բերել Էլ Սալտոյում, ընտանիքը ստիպված էր տեղափոխվել Սան Ֆրանցիսկո դել Ռինկոն, որտեղ էլ աղջիկները նոր կյանք սկսեցին։ Նրանք մահու չափ վախենում էին աղքատությունից, և հարստանալու ցանկությունն այնքան մեծ էր, որ որոշեցին մարմնավաճառության միջոցով գումար վաստակել։
Նրանց բիզնեսը քիչ-քիչ ավելի ու ավելի էր զարգանում և տարածվում։

Քույրերն ամեն ինչ հաշվարկել էին։ Նրանք գտնում էին գյուղական համայնքների ամենագեղեցիկ աղջիկներին ու առաջարկում մատուցողուհու կամ աղախնի աշխատանք։ Նրանք խոստանում էին, որ բարձր աշխատավարձ ու կացարան են ստանալու իրենց գործի դիմաց։ Բայց հենց աղջիկները գալիս էին քաղաք, նրանց հարկադրում էին զբաղվել մարմնավաճառությամբ։
Գոնսալես քույրերը գնալով ծուլանում էին ու վարձում տղամարդկանց՝ որպես պահակներ, որոնցից էր, օրինակ, Հերմենեգիլդոն։ Այս տղամարդկանց պարտականությունն էր աղջիկների առևանգել ու նրանց հսկել։ Աղջիկները հաճախ նույնիսկ արևի լույս չէին տեսնում։

Նրանք սկսեցին սպանել աղջիկներին այն ժամանակ, երբ վերջիններս սկսեցին հղիանալ։ Քույրերը ստիպում էին աղջիկներին ազատվել երեխաներից ու թաղում էին նրանց։ Աղջիկներին սպանում էին նաև այն ժամանակ, երբ նրանք հիվանդանում էին ու չէին կարողանում ծառայություններ մատուցել։
Ամենասարսափելին այն է, որ սպանությունները կատարվում էին ամենադաժան ձևով. նրանք սպանում էին աղջիկներին՝ վերջիններիս փակելով սենյակում, մինչ կմահանային սովից, կամ ծանր կոճղերով ծեծելով։ Հսկիչ տղամարդիկ իրենց հերթին սպանում էին հարուստ մարդկանց, որ գալիս էին մարմնավաճառների մոտ։ Երևում է՝ քույրերը երբեք չեն հաղթահարել իրենց վախն աղքատությունից, որքան էլ շատ գումար վաստակելիս լինեին։

Պատմության մեջ շրջադարձ մտավ, երբ 1964 թվականին առևանգված աղջիկներից մեկին հաջողվեց փախչել։ Նրա անունը Կատալինա Օրտեգա էր։ Կատալինան անմիջապես գնաց Լեոնի ոստիկանական բաժանմունք ու պատմեց ոստիկանությանը սահմռկեցուցիչ պատմությունն այն մասին, թե ինչպես են իրեն առևանգել ու իր կամքից անկախ աշխատեցրել։ Պետք է ասել, որ այդ ժամանակ մարմնավաճառությունը անօրինական չէր Մեքսիկայում, և հաշվի առնելով ոստիկանների համառ ջանքերը՝ այս մութ պատմությունը բացահայտելու, կարող ենք ասել, որ Կատալինայի բախտն իսկապես բերել էր, որ տեղի ոստիկանները Ռանչո Էլ Անխելի հաճախորդներից չէին։
Կատալինայի փախուստից շատ չանցած՝ Գոնալես քույրերն ուղարկեցին իրենց տղամարդ գործընկերներին նրան փնտրելու։ Բարեբախտաբար, Կատալինան պահը բաց չէր թողել ու մեկնել էր մոր մոտ։ Երբ ոստիկանությունը սկսեց հարցուփորձ անել բոլորին քույրերի մասին, ձեռքն ընկավ Ժոզեֆինա Գոնսալեսի խոստովանությունը ու անցավ Ռանչո էլ Անխելի որոնումներին։

Երբ ոստիկանությունը հասավ ագարակին, որտեղ պահվում էին աղջիկները, ականատես եղավ ամենասարսափելիին՝ առևանգված աղջիկներին պահում էին անմարդկային պայմաններում։ Ոստիկանությանը ցույց տվեցին, թե որտեղ էին թաղել մյուս աղջիկներին, ինչպես նաև նրանց երեխաներին ու հաճախորդներին։ Ամբողջը միասին բացահայտվեց 91 դիակ՝ ներառյալ տղամարդկանց, կանանց ու պտղի դիակներ։ Ավելի ուշ՝ 2002-ին, մի քանի կմախքներ ևս գտնվեցին։ Ի վերջո, քույրերը տեղ գտան Գինեսի ռեկորդների գրքում որպես ամենաշատ սպանություններ կատարած խմբավորում։

Քույրերը բանտ նետվեցին։ Նրանցից մեկը մահացավ 1984-ին, իր խցում. նրա մարմինը թողեցին բանտախցում 24 ժամ, մինչ առնետները կրծեցին նրա վերջույթները, իսկ մյուս քույրը ազատ արձակվեց 1900-ականերին ու անհետացավ։



