Քրիստոսի հրաշափառ հարությանը նախորդող Մեծ Պահքի վերջին շաբաթն է… Գոնե ա՛յս շաբաթվա ընթացքում ինքներս մեզ «դրսից նայելու» մի փորձ կատարենք՝ հասկանալու համար, թե ով ենք մենք վերջապես:
Մենք, արտաքնապես պահելով քրիստոնեական սկզբունքները, ամեն վայրկյան չենք հակառակվո՞ւմ արդյոք դրանց էությանը: Կյանքի բոլոր բնագավառներում մեզ շրջապատելով բարոյականի մասին լոզունգներով, ավելին՝ բոլորս բոլորին ազնիվ, արդար, անխարդախ կյանքով ապրելու անհրաժեշտության մասին դասախոսություններ կարդալով՝ անձնապես ապրո՞ւմ ենք արդյոք այդ լոզունգների բնությանը համապատասխանող կյանքով:
Ի՞նչ արժեք ունեն խորանների առջև մեր վառած մոմերն ու աղոթքները, կաթողիկոսական սրտառուչ բարեմաղթանքներն ու հորդորները, եկեղեցիներում ծխեցրած խունկերն ու հնչեցված զանգերը, եթե ԱԶԳՈՎԻ՝ աշխարհիկ և հոգևոր ամենամեծամեծերից մինչև ամենանվաստներս շարժվում ենք Տիրոջ մատնանշած Ուղուն հակառակ:
Այսօր բոլորիս վաղուց արդեն հարազատ դարձած մշտնջենական ստի ու կեղծիքի, համատարած ընչասիրության, ամբարտավանության ու անբարոյականության մթնոլորտում, ինքներս մեզ հռչակելով ու հպարտ ցցվելով որպես առաջին քրիստոնյաներ, մեր գործերով, մեր ապրած կյանքով, մեր ողջ էությամբ մենք որևէ առնչություն ունե՞նք արդյոք ՀԻՍՈՒՍԻ հռչակած արժեքներին: Իհարկե, չունենք, քանզի միայն ծեսերով ու սուտ սովորույթներով է, որ քրիստոնյա ենք:
Միայն ծեսերով պահվող հավատը մեռած է, իսկ մեռած հավատը սատանայի ամենահզոր զենքն է:
Մենք, գուցե ինքներս էլ չհասկանալով, վաղուց արդեն երկրպագում ենք մամոնային: Մենք չենք էլ զգում ինքնամաքրվելու, անձնապես վերափոխվելու, առավել կատարյալ դառնալու, «վերստին ծնվելու», մեզ համակած մարդ կենդանի վիճակից ՄԱՐԴ-ՄԱՐԴ վիճակին անցնելու անհրաժեշտությունը:
Ով ենք մենք այսքանից հետո… Քրիստոսին խաչո՞ղ ենք, թե՞ ՆՐԱՆ խաչից իջեցնող, խաչի վրա թքո՞ղ ենք, թե՞ խաչը սիրող, կռապա՞շտ ենք, թե՞ խաչապաշտ և վերջապես ոչ թե լոլոներով, այլ մեր ապրած կյանքով, հենց այս պահին ընթացող համաշխարհային արմագեդոնի այս մահ ու կենաց կռվում ԼՈՒՅՍԻ՞ ՄԱՐՏԻԿՆԵՐԻ շարքերում ենք, թե՞ խավարի ասկյարների: