Երբ Հիսուսը և իր աշակերտները Երիքովից դուրս էին ելնում, մի մեծ բազմություն գնաց նրա հետևից։ Ճանապարհի եզրին նստած երկու կույրեր, երբ լսեցին, որ Հիսուսն անցնում է, սկսեցին աղաղակել.
- Ողորմի՛ր մեզ, Հիսո՛ւս, Դավթի՛ Որդի։
Ժողովուրդը սաստեց նրանց, որ լռեն, բայց նրանք շարունակեցին աղաղակել ավելի բարձր ձայնով։ Հիսուսը կանգ առավ, իր մոտ կանչեց կույրերին և հարցրեց.
- Ի՞նչ եք ուզում, որ անեմ ձեզ համար։
Նրանք պատասխանեցին.
- Տե՛ր, թող մեր աչքերը բացվեն։
Հիսուսը գթաց և դիպավ նրանց աչքերին։ Կույրերն իսկույն տեսան և գնացին Հիսուսի հետևից։
Երբ Երուսաղեմին մոտեցան և հասան Բեթփագե, Ձիթենյաց լեռան լանջին, Հիսուս իր աշակերտներից երկուսին ուղարկեց՝ պատվիրելով նրանց.
-Գնացե՛ք այդ գյուղը, որ ձեր դիմացն է, և այնտեղ անմիջապես կապված մի էշ կգտնեք՝ իր քուռակի հետ. արձակե՛ք և բերե՛ք: Եվ եթե մեկն առարկի, ասացե՛ք. «Տիրոջը պետք է», և նա իսկույն թույլ կտա ձեզ:
Աշակերտները գնացին և կատարեցին այն, ինչ Հիսուս պատվիրել էր իրենց: Բերեցին էշն ու քուռակը և նրանց վրա գցեցին իրենց վերարկուները: Ապա Հիսուս նստեց քուռակի վրա: Ժողովրդի միջից շատերն իրենց վերարկուները փռում էին ճանապարհի վրա, ուրիշները ծառերի ճյուղեր էին կտրում և փռում ճանապարհին: Եվ ամբողջ բազմությունը, որ թափորի մեջ Հիսուսի առջևից էր գնում կամ հետևում նրան, աղաղակում էր. «Օրհնությո՜ւն Դավթի Որդուն, օրհնյա՜լ է նա, որ գալիս է Տիրոջ անունով: Օրհնությո՜ւն Բարձրյալին»:
Երբ Հիսուս Երուսաղեմ մտավ, ամբողջ քաղաքը դղրդաց:
-Ո՞վ է սա, - հարցնում էին քաղաքի բնակիչները:
Իսկ ամբոխը պատասխանում էր.
-Սա Հիսուս մարգարեն է, Գալիլեայի Նազարեթ քաղաքից:
(Մատթեոսի ավետարան 21:1-11)
Միշտ ուրա՛խ եղեք Տիրոջով. նորից եմ ասում՝ ուրա՛խ եղեք… Թող որևէ բան չմտահոգի ձեզ, այլ ձեր աղոթքների և աղաչանքների մեջ գոհունակ սրտով միշտ Աստծուց խնդրեցեք ա՛յն, ինչի կարիքն եք զգում, և այն ժամանակ Աստծու խաղաղությունը, որ մտքով հնարավոր չէ հասկանալ, խաղաղ կպահի ձեր սրտերն ու մտքերը, որոնք միացած են Հիսուս Քրիստոսին:
(Պողոս առաքյալի նամակը փիլիպպեցիներին 4:4-7)