Ստամբուլի Թուզլա թաղամասում գտնվող «Քամփ Արմեն» («Արմեն ճամբար») անունով հայտնի հայկական որբանոցի շենքի վերականգնման գործը մեկնարկել է. արվել են փորման առաջին աշխատանքները: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
 Գեդիքփաշայի հայկական բողոքական եկեղեցու և դպրոցի հիմնադրամի նախագահ Գրիգոր Աղաբալօղլուն նշել է, որ իրենք նպատակ ունեն պատմական որբանոցը, որի շենքի մի մասը փլուզված է, վերադարձնել նախկին տեսքին: Նա հիշեցրել է նաև, որ որբանոցի տարածքի մի մասը դեռևս չի վերադարձվել իրենց: «Հավատում ենք, որ համաձայն մեզ տրված խոստմանը` մնացած մասը ևս կվերադարձվի: «Քամփ Արմեն»-ը կծառայի որպես շատ գեղեցիկ մի մշակութային հաստատություն: Այնտեղ վառ կմնա նաև բոլորիս սրտում սպիացած Հրանտ Դինի հիշատակը»,- ընդգծել է նա:

«Քամփ Արմեն» ամառային որբանոցը կառուցվել է հայ որբերի աշխատանքով: Ճամբարում բնակվող երեխաները մասնակցել են շինարարական աշխատանքներին: 12-30 տարեկան երեխաներն ու մեծերը, հատկապես՝ որբ ու աղքատ հայ երեխաներն ակտիվորեն մասնակցել են ճամբարի կառուցման աշխատանքներին: «Քամփ Արմենում» է ապաստանել, կրթվել, հայերեն սովորել շուրջ 1500 երեխա, այդ թվում և պոլսահայ լրագրող Հրանտ Դինքը:

1983 թվականին այն բռնագրավվել է թուրքական պետության կողմից: Թուրքիայում 2011թվականին օրենք է ընդունվել բռնագրավված եկեղեցապատկան գույքը փոքրամասնություններին վերադարձնելու մասին, սակայն Գեդիքփաշայի հայկական որբանոցին կից այդ ամառային ճամբար-մանկատունը չի ընդգրկվել օրենքով վերադարձման ենթակա գույքի ցուցակում:

2015 թվականի մայիսի 6-ին բուլդոզերները և հատուկ մեքենաները սկսել են քանդել «Քամփ Արմենը». քանդվել է շենքի մեկ երրորդը: Դրա դեմն առնելու նպատակով Թուրքիայում գործունեություն ծավալող մի շարք կազմակերպություններ և պարզապես անհատներ շտապել են այնտեղ`կասեցնելու որբանոցի շենքի կործանումը: 175 օր տևած համառ պայքարից ու որբանոցի տարածքում շուրջօրյա հերթապահությունից հետո «Քամփ Արմենը» 2015 թվականի հոկտեմբերին վերադարձվել է Գեդիքփաշայի հայկական բողոքական եկեղեցու հիմնադրամին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել