Yerkirmedia.am-ը գրում է.

2016 թվականի ապրիլի 2-ին Արցախի սահմանների պաշտպանության ժամանակ անմահացած սերժանտ Կարեն Ներսիսյանն այսօր կդառնար 20 տարեկան:

Կարենը զոհվել է ապրիլի 2-ին՝  Ջաբրայիլի  դիրքերում ռազմական գործողությունների ժամանակ հակառակորդի դեմ պայքարում։ Մարտական դիրքի վրա թշնամու հանկարծակի հարձակման ժամանակ ծավալված թեժ ու համառ մարտերում արիաբար մարտնչել է մինչև վերջին փամփուշտը՝ ոչնչացնելով հակառակորդի բազմաթիվ գրոհայինների: Հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Արիություն» մեդալով։

Ապրիլյան պատերազմի հերոսը ծնվել էր 1997 թ-ի ապրիլի 8-ին Բջնիում:  2003-2014 թթ-ին սովորել է Բջնիի Հ.Թումանյանի անվան միջնակարգ դպրոցում: 2014 թվականին ընդունվել է Երևանի ճարտարապետության և շինարարարության պետական համալսարանի ճարտարապետա-դիզայներական ֆակուլտետը։ Զբաղվել է սպորտով, հաճախել համակարգչային դասընթացների:

Կարեն Ներսիսյանը պարտադիր ժամկետային զինծառայության է անցել 2015 թվականին: Ծնողների խոսքերով՝ ծառայությունից չի դժգոհել, երբեք որևէ բանից չի տրտնջացել:

Նա դիրքեր էր բարձրացել ապրիլի 1-ին: Այդ օրը խոսել էր ընտանիքի անդամների հետ, ասել, որ ամեն ինչ  նորմալ է,  հանգիստ քնեն։  Ապրիլի 2-ից հարազատները փորձել են կապ հաստատել նրա հետ, հետո իմացել են, որ Կարենն անհետ կորածների ցուցակում է։  Ապրիլի 10-ին  Բաշ Քարվենդ բնակավայրի  մոտակայքում հայկական կողմին էր փոխանցվել  18 զինծառայողի  մարմին, որից մեկը Կարեն Ներսիսյանն էր։

«Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունը ապրիլյան պատերազմում զոհված զինվորներին նվիրված պատրաստել է «Նահատակաց փաղանգ, մեզ բացակա չդնեք» ռեպորտաժների շարք: Դրանցից մեկում, որը նվիրված է Կարենին, սերժանտի մայրը՝ Գայանե Ներսիսյանն ասել է. «Կյանքը վայելող, կյանքը սիրող, կյանքով լեցուն տղա էր Կարենս, սիրում էր էս կյանքի ամեն լավ բաներից օգտվեր, ոնց որ իմանար, որ իր կյանքը կարճ էր»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել