Աստվածային Երկունքի քառասուներորդ օրը, գարնան առաջին Արևով, Արի Մանը կանգնեց հասակով մեկ, իր կռած սուրը ձեռքին: Արևի ճառագայթների ներքո շողշողում էր սուրը հազար ու մի գանձերի փայլով: Հպարտ էր Մանը և գերհզոր: Իր սուրը պարզեց դեպի երկինք, աչքերը հառեց գարնան Արևին ու կանչեց.
- Վահագնակա՜նչ:
Եվ նրա կանչը արձագանք տալով տարածվեց Արարատում, և Վահագնականչ էին շնչում ամենը մեկտեղ - նախնիքը բոլոր` լուսեղեն ոգիք` Վահագն էին կանչում, Մասիսը հպարտ` երկինք խոյացած` Վահագն էր կանչում, Արարատը Մայր` Արևին գրկած` Վահագն էր կանչում: Վահագն էին կանչում բոլորը մեկտեղ, հավատքով սպասում մի նոր ծննդի Հրե Վահագնի: Աչքերը հառած Բարի Արևին. Արևն իրենց մեջ` Բարև՜ Վահագնին:
Եվ Բարև՜ը  հնչեց Արի Մանի խրոխտ, հուժկու ձայնով.
- Ո՜վ, դու, Վահա՛գն, ո՜վ, Տիեզերական Զորությունների Արքա՛, ո՜վ, Աստվա՛ծդ իմ Արի Ցեղի, ահա Աստվածային Երկունքի բոցով կռած այս սուրը ձեռքիս և քո Զորությամբ սնված, մարտի եմ ելնում Չարի դիմաց` իմ Արարատը ազատելու և իմ Արի Արարչազարմ Ցեղի հավերժությունը հաստատելու: Ո՜վ, Մեծդ Վահա՛գն, քե՛զ եմ կանչում, Վահագնակա՜նչ է բխում իմ հոգու խորքից: Եվ քո աստվածային վեհությամբ օծի՛ր այս թուր-կեծակին և առաջնորդի՛ր ինձ այս աստվածահաճ ահեղ պատերազմում:
Ապա Մանը իր սրով կտրեց պարարտ պարանոցը մի մեծ ցուլի, որպես զոհաբերություն Հայր Արային և Ամենազոր Վահագնին: Արնաթաթախ սուրը օծեց լեռներից հոսող մաքրամաքուր ջրի ցայտումով, և տրնդեզված խարույկի վրա խանձեց զոհը: Թանձր ծուխը բարձրանում էր երկինք:
Եվ Արի Մանը առաջինը տեսավ ծնվող Վահագնին: Երկնի ու Երկրի միաձույլ բոցից Վահագն էր ծնվում` Հրե Պատանի:
Եվ հոգեկան անհուն բերկրությամբ կանչեց Մանը ի լուր բոլորի.
- Ցնծա՜, բյուրվիշապ Արարատ աշխա՛րհ, Վահա՜գն է ծնվում` փրկության Աստվա՛ծ, Վահա՜գն է ծնվում` Որդի՛ն Արայի, Վահա՜գն է ծնվում` Զորության Արքա՛. մեր Երկրի համար` ուժի ներշնչանք, Արևի համար` հրո զորություն, Աստղերի համար` լուսե պատանի, Լուսնյակի համար` սիրո մեղեդի, Երկնքի համար` սիրասուն մանկիկ, Արիի համար` հրեղեն եղբայր, իսկ Վիշապի համար` դաժան ախոյան, նա` Վիշապաքաղ:
Եվ տիեզերական անհունության մեջ ողջույնի Ձոներգ ծնվող Վահագնին հնչեց միաձույլ հզոր շուրթերից` աստղեր և լուսին, արև հրակեզ, Մասիսը հպարտ, լեռներ ու ձորեր, և հավք, և գազան երգում էին մեկտեղ.

Երկներ Երկին, երկներ Երկիր,
Երկներ և ծովն ծիրանի,
Երկն ի ծովում ուներ և զկարմրիկն եղեգնիկ:
Ընդ եղեգան փող ծուխ ելաներ,
Ընդ եղեգան փող բոց ելաներ,
Եվ ի բոցույն վազեր խարտյաշ պատանեկիկ:
Նա հուր  հեր ուներ,
Ապա թե բոց ուներ մորուս,          
Եվ աչկունքն էին արեգակունք:


Վահագնը եկավ, աստղերից հյուսած թագը իր գլխին, բոցե թիկնոցը իր հաղթ ուսերին, ձախ բազկի վրա Խաչ - Պատերազմին` ձուլված Արևից, աջ ձեռքին բռնած հազար ու հազար Արևով կռած իր Թուր - Կեծակին:
Եվ օծեց Վահագնը Մանի սուրը երկսայրի:
Եվ Մանը Արի, օծված իր սրով, դուրս ելավ մարտի Չարի Տիտանի սերունդների դեմ: Տիտանները ոռնում էին սարսափից, բայց կայծ-թուրի հարվածներից փրկություն չունեին: Արագածի հազար ու մի գանձերով և աստվածային կրակով կռած այս սուրը ինքը Վահագն է օծել իր Աստվածային Զորությամբ: Եվ ո՞վ կարող է կանգնել այդ զորության դիմաց: Հազար-հազարներ մի սայրն էր սպանում, հազար- հազարներ մյուս սայրն էր սպանում, հազար-հազարներ ճառագումն էր ոչնչացնում, հազար-հազարներ ընկնում էին անշունչ միայն սարսափից:
Չարի Տիտանները խուճապահար փախչում էին, դեռ սրի փայլը չտեսած, քանզի սուրը դեռ հեռվից շանթահարում էր իր ճառագումով: Տիտանները փախչում էին Վիշապի մոտ և պատսպարվում նրա թևերի տակ:
Թեև Արի Մանը աստված էր, բայց երկրային աստված էր նա և Անմահ Աստված Վիշապի դեմ կռվել չէր կարող: Վիշապի դեմ միայն Վահագնը կկռվեր:
Եվ Վահագնը ահեղ` Զորության Աստված, Հրե Պատանի, իր ողջ զորությամբ կանգնեց Մահաբեր Վիշապի դիմաց: Եվ Աստվածների Մեծամարտ սկսվեց հենց Երկրի վրա, մարդկանց զարմացած աչքերի առաջ:
Նյութեղեն տեսքով ահեղ Աստվածներ` դաժան, անզիջող... Վիշապը Չարի` բազում գանգերով, արնոտ աչքերով, և թույն էր ցայտում իր պիղծ երախից. Վահագնը Արի` Հրե Պատանի, արև աչքերով, բոց էր ու կրակ և բոցը ձեռքին` իր Թուր - Կեծակին: Վահագնը ահեղ շանթեր էր սփռում իր հուր աչքերից, խավարն էր ցրում, ասպարեզ կանչում Չարի Վիշապին` ճակատ առ ճակատ Մեծամարտելու, ինչպես վայել է հենց Աստվածներին:
Վիշապը թունոտ` Չարիի Աստված, ոռնում էր ահեղ` ի տես Վահագնի, մահվան սարսափով գալարվում էր նա Երկիրը գրկած, կատաղած ուզում` Երկիրը խեղդել իր վերջին շնչով, բայց շունչն է փչում:
Վահագնը Զորեղ` Արիի Աստված, հուժկու զարկերով գանգերն է փշրում այդ պիղծ Վիշապի, երկինք է գցում մարմինը նրա, որ արեգակները այրեն կրակով գարշանքը նրա:
Իսկ Արի Մանը իր սակավաթիվ քաջերի գլուխ անցած, հալածում էր Չարի Տիտաններին և մաքրում նրանցից Արարատը:
Վիշապը սպանված էր, նրա լեշը այրվում էր երկնքում, բայց Վիշապի պղծանքը դեռ կար Արարատում, և գարշահոտությունը ողջ Երկիրն էր պատել:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել