...Ու  համոզում ինձ, որ եթե սենյակիս մեջտեղում դրված աթոռը չեմ տեսնում, ուրեմն՝ չկա : Ուրեմն կողքով անցնեմ՝ ոտքս չեմ խփի : Ուրեմն ամեն ինչ կարգին է: Ուրեմն...
Քայլում եմ ու ոտքս աթոռին խփում:  Ցավ: Ատամներովս  շուրթերս սեղմում եմ   այնքան ուժեղ, որքան որ կսեղմեի երջանկությունս, եթե ափերիս մեջ լիներ: Եթե ափերումս տեղավորվեր:
Հավատում եմ ,  որ եթե ափերով ուժեղ սեղմեմ նրան՝ չի գնա, չի թափվի: Երջանկությունից ոչ մի կաթիլ չի կաթա հատակին ու ես էլ ստիպված չեմ լինի կեղտոտ լաթով նրան մաքրել այնպես, ինչպես հասարակ ջրի կաթիլը կմաքրեի: 
Հենց նույն կերպ  էլ հավատում եմ, որ շուրթերս կծոտելը կմեղմացնի  ցավը, չի թողնի գոռամ:

 Գիտակցում եմ , որ լույսն անջատելուց աթոռի դիրքը չի փոխվում : Կամ պետք է աթոռը տեղափոխել, կամ էլ  պետք է երթուղիս վերանայել :
Կույրի նման խարխափելով հասնում եմ անկողնուս ու չեմ հասկանում ՝ որ մթությունն է ինձ ավելի խեղճացնում. արտաքի՞նը, թե՞ ներքինը : Ո՞տքս է ցավում, թե՞ ներսում ինչ-որ բան:
Հասկանում եմ, որ տարբերություն չկա: Ցավը ցավ է՝ արտաքին լինի ,  թե՝ ներքին: Զգում եմ, որ սիրտս ինչքան էլ լուսավոր լինի՝ մթության մեջ լույս չի տա: Լավագույն դեպքում՝ միայն փոխաբերական իմաստով : Ուղիղ իմաստով՝ երբեք:
Ինձ մնում է միայն մեկ բան. կծկվում եմ անկողնուս փոքրիկ  հատվածում այնպես, կարծես   աշխարհում վարձով եմ ապրում , կարծես արևի տակ իմ տեղը չունեմ, կարծես ոչինչ եմ, կարծես...
Փակում եմ աչքերս ու հաշվում մթությունները.
Մթություն առաջին. արտաքին մթություն. պետք է հիշել աթոռի մասին, որը լույսի անջատելուց  չի տեղափոխվում:  Աթոռը  տեղափոխել պետք չէ, եթե այնտեղ է, ուրեմն՝ ինչ-որ մի բանի ծառայում է: Վաղը   սենյակում շրջելու երթուղիս վերանայել է պետք: Ոտքիս ցավը հիշելով ուզում եմ տղամարդավարի մի կարգին  հայհոյանք հասցնել աթոռին, հայհոյել ամենավերջին բառերով, բայց  զսպում եմ ինձ: Պետք է բարի գտնվել աթոռի նկատմամբ, առաջին անգամն էր: Հաջորդ անգամ էլ եթե աթոռին խփվեմ, եթե սենյակումս քայլելու երթուղին փոխեմ ու էլի դիմացս հայտնվի, ոչ միայն կհայհոյեմ, այլ տղամարդավարի ՛՛քֆուր ՛՛ կտամ : Երթուղիս  փոխելուց հետո գրողի տարած աթոռն իրավունք չունի ճանապարհիս հայտնվելու:
 Մթություն համար երկու. ներքին մթություն: Երբ ոչ մի սրտի լույս քեզ չի կարող լուսավորել նույնիսկ  ներսից: Պարզ պատճառ. լույս չկա: Գաղափար չունեմ ՝  որտեղից պետք է ներքին, հոգու լուսավորություն  գտնել: Հիշեմ վաղը մտնել շինարարական խանութ ու  հոգու լապտեր ուզել : Կամ  ՝  սրտի լուսամփոփ : Մեկ էլ տեսար ինձ հավանեցին ու որպես նվեր կյանքի իմաստ մեկ էլ  սիրո ջերմություն նվիրեն : Չնայած չէ, սիրո ջերմություն բոլորն են ուզում, հաստատ  խանութում վերջացած կլինի: Դրա փոխարեն  մարդկային կարեկցանք  կխնդրեմ նվիրել....Չէ, չէ: Ավելի լավ բան մտածեցի. մարդկային լսելու ունակություն կխնդրեմ:   Կյանքի իմաստ ու մարդկային լսելու ունակություն: Հրաշալի է: Մնաց ՝ ունենան: Մնաց՝ ինձ հավանեն : Մնաց՝  ընկնեմ նվերների ցուցակ: Մնաց...
Մթություն համար երեք. փակ աչքերի մթություն: Երբ   կծկվում ես անկողնու ծայրին ու ափերով գրկում ես ծնկներդ: Այդ պահին ծնկներդ այնքան իրական են թվում: Գրկում ես ինքդ քեզ ու հասկանում , որ    աշխարհում ինքդ քեզ ունես: Դու քո նկատմամբ անփոփոխ ես: Դու միշտ ունես քեզ ու...Քեզ: Սիրում ես քեզ, խայտառակ սիրում ես: Ծնկներդ ամենալավն են, էլ ավելի լավն են, երբ ափերովդ նրանց գրկում ես ու կծկվում:  Կծկվում ես այնպես,  որ ապացուցես՝ կաս, անկողնում քո տեղն ունես, քո կծկվելու սահմաններն ունես, ափերով ծնկներդ գրկելու հնարավորություն  ունես, ինքդ քեզ սիրելու  երջանկություն ունես:
Փակում եմ աչքերս ու վերջ  տալիս մտքերի հոսքին: Թողնում եմ ուղեղս հանգստանա,   շնչի ու  ուշքի գա փոթորկոտ մտքերից  ,   հանդարտվել է  պետք:
Ուղեղս բերան ունենար՝  ինձ  տղամարդավարի կհայհոյեր:
Փակում եմ աչքերս ու...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել