Մայր բուհի ուսանողուհի եմ, սովորում եմ գերազանց, ցանկանում էի դիմում ներկայացնել բուհ` առաջադիմությանս համար ուսման վարձի որոշակի զեղչ ստանալու համար: Սակայն դիմումս անգամ քննարկման չվերցրին`առաջ քաշելով մի շարք պահանջներ: Նախկինում ստացել եմ ուսման վարձի զեղչման հնարավորություն հասարակական ակտիվությանս շնորհիվ: Այժմ ժամանակի սղության պատճառով չեմ կարողանում ակտիվություն ցուցաբերել հասարակական ոլորտում: Եվ քանի որ ունեմ գերազանց առաջադիմություն, որոշեցի դիմումս ներկայացնել հենվելով գնահատականներիս վրա: Սակայն հանդիպեցի անակնկալի, ըստ որի` պետք է ունենամ անվճար համակարգում սովորող ուսանողների հետ 0.001 միավորի տարբերություն կրեդիտային համակարգով: Ընդունեցի, նոր օրենք է, ինչ արած: Ավելի ջանասիրաբար աշխատեցի, «աղոթեցի անվճար համակարգում սովորող ընկերներիս ցածր գնահատականների համար» և բոլորովին վերջերս դիմումս ձեռքումս ամուր պահած և մեծ հույսերով լի ցանկացա դիմել: Սակայն հույսերս կրկին ի չիք դարձան: Այս անգամ էլ պարզվեց, որ հաշվի են առնում նախորդ տարվա արդյունքները...և այս կիսամյակում ցուցաբերածս առաջադիմությունը ոչնչի պետք չէ: Կրթության ոլորտի հարգելի պատասխանատուներ, խնդրում եմ՝ ասացեք ինձ, հաջորդ կիսամյակում ի՞նչ նոր անակնկալի պատրաստվեմ... Ի՞նչ նոր հիասթափություններ են ինձ սպասվում.... և ի վերջո ո՞ւր մնաց ուսանողի առաջադիմության ոգևորումը... Գուցե ինձ մոտ չի ստացվել նախորդ տարի, բայց այս տարի ես ջանացել եմ և գերազանց առաջադիմություն եմ գրանցել, հիմա եկել եմ, որ դիմեմ ուսման վարձս զեղչելու համար, որպեսզի ծնողներիս հոգսը թեթևացնեմ և ինձ մի փոքր պիտանի զգամ: Զգամ, որ աշխատանքս անարդյունք չի անցել, աշխատասիրությանս ու խելքիս շնորհիվ կարողացել եմ ինչ-որ չափով օգնել ծնողներիս... Ասացեք ինձ, ի՞նչ անեմ, որ մյուս կիսամյակում ամբողջ երեք տարվա բացարձակ և անվճարի հավասար գնահատականներ չպահանջեն... Ինչպե՞ս անեմ, ինչպե՞ս օգտագործեմ ստացածս գիտելիքներն ու համապատասխանաբար գնահատականները, որպեսզի դրանք նյութական օգնության վերածեմ... Ինչպե՞ս անեմ, որ ապագայի հանդեպ հույսս չկորցնեմ... Ինչպե՞ս անեմ, որ պայքարելու և մի բանի հասնելու ձգտումն իսպառ չկորչի...

P.S. Խնդրում եմ հոդվածս չքաղաքականացնել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել