Տևական ժամանակ է, ինչ երկրի տնտեսական դրության ծանրացմանը զուգահեռ փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչները հայտնվել են բարդ վիճակում: Ավելին՝ առանց պետության կողմից խրախուսման ՓՄՁ բազմաթիվ ներկայացուցիչներ չեն կարողանա շարունակել իրենց գործունեությունը: Դրա համար էլ պետությունը սկսել է կիրառել համապատասխան գործիքներ, որոնց մեջ ամենակարևորը ՓՄՁ-ներին հարկային արձակուրդի տրամադրումն է:
Մի շարք գործիքների միջոցով թեթևացվում է միկրո և փոքր բիզնեսների բեռը, օրինակ` մինչեւ 18 մլն դրամ տարեկան շրջանառությամբ ընտանեկան բիզնեսն ազատվում է հարկերից, նորաստեղծ ՏՏ ընկերություններին տրամադրվում է արտոնյալ հարկային ռեժիմ և այլն:
Հետաքրքրական է, որ հարկային և մաքսային պարտավորությունների գծով «արտոնություններ» են տրամադրում այն ընկերություններին, որոնց գործունեությունն ուղղված է արտաքին պահանջարկի բավարարմանը, որոնք ներմուծում են նոր տեխնոլոգիաներ, իրականացնում ներդրումային ծրագրեր, բացում նոր աշխատատեղեր: