Այսօր իմ կուռք Այրտոն Սեննայի ծննդյան 53-րդ տարելիցն է: Նա արդեն 19 տարի է, ինչ հեռացել է մեզանից, երբ Ֆորմուլա 1-ի 1994 թվականի` Էնցո եւ Դինո Ֆեռռարիների անվան, Սան Մարինոյի գրան պրին ընդունող Իմոլա մրցուղում, 5-րդ շրջանին, գլխավորելով պելետոնը, արագընթաց Տամբուրելլո շրջադարձում, ավելի քան 300 կմ/ժ արագության տակ դուրս մնաց մրցուղուց եւ լքեց մրցարշավը... հավերժ: Նա մինչ օրս Ֆորմուլա 1-ի մրցարշավում մահացած վերջին պիլոտն է: Շնորհավորում եմ քեզ, Այրտոն, քո խոսքերը ամեն վայրկյան մտքումս են եւ մինչ օրս ապրածս կյանքում ինձ առաջնորդել են եւ օգնել, որպեսզի դժվարին պահերին չհիասթափվեմ եւ հաղթահարելով առաջ շարժվեմ: Ամեն անգամ, երբ Ֆորմուլա 1 դիտելիս պադդոկում տեսնում եմ Պրոստին, Մենսելին, Պիկեյին կամ Պատրեզեյին, ակամայից քո պատկերն է աչքերիս առաջ գալիս, եւ ես պատկերացնում եմ, թե ինչպիսին կլինեիր դու այս տարիքում: Շնորհակալ եմ քեզ քո երկրպագուներին տված անթիվ եւ անգնահատելի այն հույզերի համար, որոնք այլեւս չեն կրկնվի, ուղղակի արքայական ավտոսպորտն այլ է: Անցած տարի քո տան կողքով եմ անցել Մոնակոյում եւ համբուրում էի իշխանության բոլոր այն մասերը, որտեղով քո կարմրասպիտակավուն ՄաքԼառենն է սլացել, եւ որտեղ դու 6 անգամ հաղթել ես: Օրինակ` այնտեղ, որտեղ դու, թունելից դուրս գալով, շիկանից առաջ վթարվեցիր 1988-ին: Հուսով եմ՝ շուտով կայցելեմ նաեւ Բրազիլիա` Մորումբի եւ ծաղիկ կդնեմ քո գերեզմանաքարին: Այն, ինչին ես հասել եմ, եւ հուսով եմ, որ դեռ կհասնեմ այս կյանքում, միայն եւ միայն քո շնորհիվ է: Շնորհավոր` ՀՐԱՇԱԳՈՐԾԸ ԴԱՐՁԱՎ 53 ՏԱՐԵԿԱՆ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել