Դասակի ավագ Նարեկ Հայրապետյանը ծնվել է 1996թ. ՀՀ Գորիս քաղաքում: Սովորել է Ակսել Բակունցի անվան թիվ մեկ դպրոցում: 2014 թվականի հունիսի 26-ին զորակոչվել է բանակ: Զորացրվել է 2016 թվականի հուլսի 2-ին: 2016 թվականի ապրիլի մեկի լույս երկուսի գիշերը, երբ սկսվեցին ադրբեջանական հատուկջոկատայինների սանձարձակ գործողությունները, Նարեկը Ջաբրայիլի պաշտպանական շրջանում էր: Նա իր զինակից ընկերների հետ մարտնչեց թշնամու թվային գերակշռություն ունեցող ջոկատների հետ: Տղաներն, ընկնելով շրջափակման մեջ, խուճապի չմատնվեցին: Ճիշտ մարտավարությամբ ճեղքեցին օղակը, դուրս եկան շրջափակումից: Նորից գրոհի անցնելով՝ հետ գրավեցին կորցրած դիրքը: Ցավոք, Նարեկն իրենց կողքի դիրքում կորցրեց մարտական ընկերոջը՝ Ադամ Սահակյանին: Պատմում է Նարեկը.
«Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը կրակոցներ լսեցինք: Կողքի դիրքերից հայտնեցին, որ դիվերսիա էր, բայց հետո պարզվեց, որ դիվերսիա չէր, այլ իրական պատերազմ: Գրադ, ականանետ, ուղղաթիռ, զորք... Ականանետից խփում էին, հետո՝ գրադ, տանկ... Ես դիրքի ավագն էի, իմ հետ էին իմ 10 զինվորները, մենք կռվեցինք, պայքարեցինք մինչև վերջին փամփուշտը, խոցեցինք 2 տանկ ես ու ընկերս: Որոշ ժամանակ հետո ես իմացա, որ կողքի դիրքը, որը 50 մետր հեռավորության վրա է, գրավել են, որտեղ դիրքի ավագը Ադամ Սահակյանն էր, իմ ընկերը: Կապ տվեցի զորամաս, ասեցի, որ մեր դիրքի վրա 15 տանկ է գալիս, ու մենք Ակ-ից բացի ոչինչ չունենք: Ու էլի կռվեցինք, ընկերս վիրավորվեց... 2 օր կռվեցինք, տանկը կանգնել էր մեր դիրքի խրամատի դեմը ու մեր վրա կրակում էր: Հազիվ ենք փրկվել, մինչև վերջին փամփուշտը պայքարեցինք ու սաղին կոտորեցինք»:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/1450789351859753/photos/a.1450795271859161.1073741828.1450789351859753/1856596397945711/?type=3&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



