Երիտասարդ սերնդի ներկայացուցիչներիս համար վաղուց այլևս ընկալելի չէ «սոված արվեստագետ» արտահայտությունը, որը ժամանակին բավականին ամոթալի ու վիրավորական էր: Մեր արվեստագետները կամ գոնե շոու-բիզնեսի ներկայացուցիչներն էլ են սկսել մարդավայել ապրել, նույնիսկ` աստղային կյանքով, եթե նկատի ունենանք թեկուզ նրանց բնակարանները: Այս անգամ որոշեցինք հյուրընկալվել հայտնիների թանկարժեք ու ինքնատիպ բնակարաններում` փորձելով որոշակի համեմատություն անցկացնել հայ և արտասահմանցի հայտնիների տների միջև: Թե որքանով այդ համեմատությունը սերտ եզրեր ունի, դատիր ինքդ: 

 Ավո Խալաթյան և Նունե Եսայան

Բնակարանի հարցում երգչուհի Նունե Եսայանի բախտը բերել է: Նրա նոր բնակարանը, որտեղ բնակվում է շուրջ երեք տարի, գտնվում է քաղաքի կենտրոնում: Երգչուհին ստիպված չի եղել հետևել վերանորոգման դժվարին աշխատանքներին, քանի որ այն ձեռք է բերվել լիովին վերանորոգված վիճակում: Նունեին տան նախագիծն ու գունային համադրությունը դուր է եկել, ուստի ամուսինները ոչ մի ձևափոխություն չեն կատարել: Բնակարանի կահույքի ընտրությունը կատարել է Նունեն` մի մասը պատվիրել է, մյուսը` գնել:

 Երգչուհին վստահ է, որ ցանկացած տան կահավորանք խոսում է տանտիրոջ ներաշխարհի ու բնավորության մասին, ու քանի որ բնույթով հանդարտ մարդ է, նախընտրել է մեղմ ու հանգիստ գույներ: Երգչուհին սիրում է տանը լինել և օրվա մեծ մասն էլ հենց այստեղ է անցկացնում, ուստիև նրա համար կարևոր են դրա մթնոլորտը, գույներն ու դասավորությունը: Տանը եղած ժամանակ Նունեն հատկապես սիրում է հեռուստացույց դիտել:

 

 

Հրանտ Թոխատյան և Լուիզա Ներսիսյան

Հրանտ Թոխատյանի և Լուիզա Ներսիսյանի առանձնատունը գտնվում է Երևանի ծայրամասում, որտեղ նրանք բնակվում են 2006-ից: Դերասանների ընտանիքն էլ մի շարք համաշխարհային աստղերի պես նախընտրել է քաղաքի աղմուկից հեռու մի վայր` Վահագնի թաղամասը: Լուիզան ասում է, որ տունն այն վայրն է, որտեղ հանգստանում են և իրենց պաշտպանված են զգում: Դերասանուհու վստահեցմամբ` յուրաքանչյուր սենյակ ծառայում է իր նպատակին. փակ սենյակներ և չօգտագործվող անկյուններ չկան: Կախված օրվա գրաֆիկից` ընտանիքի անդամներն ավելի շատ կա´մ հյուրասենյակում, կա´մ խոհանոցում են լինում:

 

 

Լուիզան և Հրանտը զերծ են մնացել Վերածննդի ժամանակաշրջան հիշեցնող կահավորանքից. «Նման կահավորանքը թանգարան է հիշեցնում, իսկ տունը պետք է շնչի, որ կարողանաս հանգստանալ ու չլարվել: Այդ հարցում էական դեր ունեն գույները, որոնց ճիշտ ընտրությունը ևս շատ կարևոր է»: Կահույքը պատվիրվել է Հայաստանում, որի թե´ դիզայնը, թե´ գույների ընտրությունը Լուիզայի ճաշակով է: Դերասանուհին համոզված է, որ որքան էլ մասնագետի խորհուրդները ճիշտ լինեն, ցանկացած մարդ պետք է իր տեսակին ու բնավորությանը համապատասխան մթնոլորտ ստեղծի: Թոխատյանների առանձնատան բակը` 1000քմ տարածքը, պատված է գազոնով, որտեղ Լուիզան երբեմն գազար է աճեցնում :)

Հայտնի է, որ այդ թաղամասում առանձնատուն ձեռք բերելը թանկ հաճույք է, սակայն այդ մասին Հրանտ Թոխատյանն ասաց. «Գաղտնիք է»: Հավելենք միայն, որ Վահագնի թաղամասում ամենամատչելի տների արժեքն այսօր սկսվում է 215 հազար դոլարից:

 

 

Դավիթ Բեջանյան և Նադեժդա Սարգսյան

Պարզվում է` Կենտրոնը աստղային համայնք է :) Կենտրոնի բնակիչ է նաև երգչուհի Էմմին, որտեղ էլ անցել են երգչուհու մանկությունն ու պատանեկությունը: «Ինձ համար տունը միայն պատերը չեն, որտեղ միայն քնում եմ. մեր տունը միակ վայրն է, որտեղ ինձ շատ լավ եմ զգում,-ասում է Էմմին` ավելացնելով,- մեր տանն իրենց լավ են զգում նաև ընկերներս, ովքեր մեր փողոցով անցնելիս անպայման այցելում են մեզ»: Էմմիի համար տան ամենասիրած անկյունն իր սենյակն է, որտեղ անցկացնում է օրվա մեծ մասը: Վերջին անգամ Բեջանյաններն իրենց բնակարանը վերանորոգել են 3 տարի առաջ: Վերանորոգման ու ձևափոխությունների ընթացքը բավականին երկար է տևել, միայն երկրորդ հարկ տանող աստիճանների տեղը փոխվել է չորս անգամ: Վերանորոգման ընթացքում արհեստավորները մշտապես հաշվի են առել Էմմի բոլոր ցանկությունները: Տան ներքին հարդարմամբ զբաղվել են Էմմին և տիկին Նադեժդան:

 

 

Երգչուհին կարծում է, որ տունը պետք է կահավորել ժամանակի ընթացքում, քանի որ յուրաքանչյուր իր ժամանակի ընթացքում է իր տեղը գտնում: «Ես սիրում եմ, երբ ամեն սենյակ ունի իր առանձնահատկությունը և երբ տանը տրամադրություն ստեղծող գույներ կան: Սակայն մորս պնդմամբ այն եղավ սպիտակ, իսկ գույները համալրեցինք կահույքի միջոցով, որը ընտրեցինք երևանյան կահույքի սրահներից: Կահույքը հնարավորինս նվազագույնի ենք հասցրել, որպեսզի տունը շնչի»,- պարզաբանեց երգչուհին: Երգչուհին պատմեց նաև, որ հայրիկի աշխատասենյակում է գտնվում իր տատիկի տատիկից ժառանգած հին կահույքը, որը ոչ մի նոր ու թանկարժեք կահույքի հետ չի փոխի, ինչպես նաև չի պատկերացնում իրենց բնակարանն առանց հայրիկի ստեղծագործությունների: Երկու մեծ պատշգամբներում ընտանիքը ոչ միայն ծաղիկներ է աճեցնում, այլև հիանում է գիշերային Երևանով:

 

 

Միքայել Պողոսյան

Միքայել Պողոսյանը միշտ երազել է ապրել գյուղում` այնպիսի տանը, որի դիմաց եկեղեցի լինի: Սիրված դերասանի երազանքը մասամբ իրականացավ… քաղաքում: «Մեր թաղամասը` Նորագյուղը, մի փոքրիկ գյուղ է քաղաքի կենտրոնում, իսկ տանս դիմաց Սուրբ Սարգիս եկեղեցին է»,- նկարագրեց դերասանը: Ըստ նրա` երջանկությունն այն է, երբ ազատ ես, բայց միշտ ուզում ես վերադառնալ տուն: Հենց այդպիսին է իր տունն ու ընտանիքը: Դերասանն իր ներկայիս առանձնատունը գնել է կիսակառույց վիճակում և կնոջ` Լինայի հետ խորհրդակցելով` ընտրել գույներն ու մյուս իրերը, այնպես, որպեսզի ընտանիքի յուրաքանչյուր անդամ իրեն հարմարավետ զգա: Կահույքի գույնը հարմարեցվել է հատակի սալիկների գույնին, որոնք կավից են և ձեռքի աշխատանք են, ու հենց կավի բնական գույնն էլ թելադրել է պատերի գույնը:

 

 

«Ինչ վերաբերում է կահույքին` մի մասը գնել ենք, իսկ խոհանոցի մի մասը, ննջասենյակը և միջանցքը նախագծել է ընկերս` դիզայներ Ռուբեն Տոպոլյանը, ում շնորհիվ տունն իրոք յուրահատուկ տեսք է ստացել»,- ասում է Միքայել Պողոսյանը: Դերասանը շատ է սիրում ընտանիքի հետ ժամանակն անցկացնել իրենց ընդարձակ բակի ամառային տնակում, որի տերն ու տիրակալը դուստրն է. հենց Վիկան ու տատիկն են խնամում բակի ծաղիկներն ու մրգատու ծառերը: Իրենց մեծ ու ընդարձակ տան արժեքը չնշելով` Միքայել Պողոսյանն այն բնորոշեց «անգին»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել