1988 թվականի աղետալի երկրաշարժից հետո Հայաստանին և մասնավորապես աղետի գոտուն նվիրված այս երգը Գյումրիում չի կորցրել իր արդիականությունը մինչև օրս: Ամեն տարի գյումրեցին սպասում էի այդ «նոր գարունին», և այն իրոք գալիս է նորովի` նոր մռայլությամբ և նոր գորշությամբ: Ժամանակին ծաղկող այս քաղաքն այսօր նմանվել է լքված հյուղակի, որտեղ ժամանակը կանգ է առել և դրանով գյումրեցու դեմքից սրբել-տարել է երբեմնի ժպիտն ու թասիբ արտահայտող աչքերի փայլը:
Թերևս այս ամենը ստիպեց գյումրեցուն պայքարել անարդարությունների դեմ, և վերջին հույսով հաղթանակեց Գյումրին այս ընտրություններում, բայց զուր: Սա քվեապաշտ իշխանավորներին կստիպի առավել անտարբերությամբ ու ատելությամբ գործել այս հուսալքված քաղաքում:
Ամեն անգամ նոր հույսով եմ մտնում և կրկնակի հիասթափությամբ դուրս գալիս այստեղից: Փոսեր, փոշի, անխնամ բակեր ու...թվարկելն անիմաստ է:
Քաղաքն այսօր հիշեցնում է տանտիրուհուն կորցրած ընտանիք, ուր ամեն ինչ կեղտոտ է, փոշոտ, ուր չկա երբեմնի ուրախությունը, խինդն ու ծիծաղը:
Բայց սրան արժանի չէ պայքարող ու մաքառող գյումրեցին, սրան արժանի չէ արհեստների և արվեստների երբեմնի մայրաքաղաքում ծնվող մանուկը:
Վերադարձրեք գյումրեցուն իր քաղաքը, իր բակն ու փողոցը, մի ստիպեք բռնել ապահով արտագաղթի ճանապարհը:
Քեզ համար նոր գարուն կգա,
Եվ պայծառ կշողաս նորից,
Ձմռան բոցից դու մահաբեր
Կհառնես ինչպես փյունիկ կրկին:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/sevak.hakobyan.5/posts/469985016401549
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել