ՀՀ կրթության և գիտության նախարար

Վ-ի և Ֆ-ի մասին

Ձեզ եմ ներկայացնում «Այբբենարանի» հեղինակ Լիլիթ Տեր-Գրիգորյանի ներկայացրած պատասխանը, որի հետ, ասեմ, որ մենք համաձայն չենք: 

Տետրը հրատարակվել է «Էդիթ Պրինտ» հրատարակչության կողմից, որի տնօրենը հավաստիացրեց, որ այս ուսումնական տարում, վերահրատարակվելիս, նշված առաջադրանքը տետրից կհանվի (տետրը տպագրվում է «Այբբենարանին» կից):

Շնորհակալ եմ համագործակցության համար:

«Գրաճանաչության ուսուցումն իր մեջ ընդգրկում է բազմաբնույթ ու բազմակողմանի գործընթացներ: Այդ բոլոր գործընթացների լիարժեք իրականացումը միշտ չէ, որ հնարավոր է ապահովել, ինչը պայմանավորված է բազմաթիվ գործոններով: 
Մեթոդիկայում երկշարք և եռաշարք բաղաձայնների ուսուցումն ու ամրապնդումը հետևողանորեն կատարվում է գրաճանաչության ընթացքում, սակայն արտասանության և գրության տարբերություն ունեցող բառերին երբեք անդրադարձ չի կատարվում: Միայն վերջին հնչյուն-տառերի (ֆ Ֆ) ուսուցման ժամանակ հեղինակները փորձ են կատարել խաղային մեթոդով երեխաներին ծանոթացնել այն երևույթին, երբ հնչյունը կարող է մի կերպ հնչել, բայց այլ տառով գրվել: Դա կատարվել վ-ֆ-ի կրկնության շրջանակում: Սակայն հեղինակները ևս գտնում են, որ դա միանշանակ պետք է կատարվի ուսուցչի կողմից, նրա բացատրությունից և վերլուծությունից հետո միայն, նույնիսկ, եթե դա հանձնարարվում է որպես տնային առաջադրանք (տնայինը միշտ պետք է բացատրվի հանձնարարելուց առաջ):
Գրաճանաչության ուսուցումը միակողմանի գործընթաց չէ, և այստեղ ծնողը ևս անելիք ունի. մի՞թե երեխան այս շրջանում ինքնահոսի է մատնված. «Այբբենարանը» ինքնուսույց չէ:
Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ այժմ սխալը տպավորվել է երեխայի մեջ, ապա դա հեշտությամբ կարելի է բացատրել և ուղղել. գրաճանաչության ընթացքում նա շատ ավելի մեծ դժվարություններ է հաղթահարել և առաջիկայում դեռ գրությամբ ու արտասանությամբ տարբերվող բառերի մի հսկա շարք է սպասվում նրան:
Մեր կողմից վստահեցնում ենք, որ հեղինակներին կառաջարկվի այդ առաջադրանքի մատուցման եղանակը վերանայել: 

Լիլիթ Տեր-Գրիգորյան


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել