Հարգելի պրն․ նախագահ,
Խնդրում ենք Ձեր թանկ ժամանակից մի քանի րոպե հատկացնել մեր նամակին։
Կփորձենք կարճ և հասկանալի ձևով շարադրել մեր ասելիքը:
Մենք Հայաստանի Հանրապետության 15 տարեկան քաղաքացիներն ենք, ապրում ենք Աբովյան քաղաքում և սովորում ենք տեղի Վիկտոր Համբարձումյանի անվան թիվ 10 հիմնական դպրոցում։
Շատ ենք սիրում մեր Հայաստանը և գիտակցում ենք, որ մեր նախնիները հարուստ մշակույթ և պատկառելի արժեքներ են թողել մեզ։ Թողել են մեզ բոլորիս, նաև մեր այն քույր-եղբայրներին, ովքեր լքել են մեր երկիրը, լքել են այն պատճառով, որ մեր երկրում չեն գտել աշխատանք և արդարություն։ Ինչո՞վ են մեզանից առավել մյուս ազգերը, որ ապրում են անհոգ և ուրախ, իսկ մեր երկրի զավակները գնում և աշխատում են նրանց համար։ Մի՞թե հայ ժողովուրդը դարեր շարունակ այսպիսի երկրի է ձգտել։
Պարո՛ն Սարգսյան, դուք կարող եք դառնալ Հայաստանի պատմության ամենասիրված նախագահը, եթե առաջիկա հինգ տարիների ընթացքում կյանքի կոչեք այն, ինչ ժողովուրդն է պահանջում, ուժերի ներածին չափով կարողանաք վերացնել բոլոր թերությունները:
Մեկ շաբաթ առաջ, երբ գրականությունից անցնում էինք մեծն հրապարակախոս Միքայել Նալբանդյանի «Ազատություն» քնարական բանաստեղծությունը, մեզ հանձնարարեցին գրել ստեղծագործական շարադրություն՝ «Ազատություն» վերնագրով։ Գրեթե բոլորս մեր շարադրություններում անդրադարձել էինք երկրում գլուխ բարձրացրած անարդարությանը, մարդկային արժեքների վերացմանը: Նույնիսկ մեր մեջ կան այնպիսիք, ովքեր լցված են ՀՀ նախագահ դառնալու անհագ ցանկությամբ:
Շատ անգամներ ենք շոշափել թեմաներ, որոնք վերաբերել են Ձեզ և Ձեր կատարած աշխատանքներին:
Գիտենք նաև պատերազմի Ձեր այս կարգախոսը. «Մենք այս պատերազմում կհաղթենք, եթե մեզանից յուրաքանչյուրը պատերազմը համարի իրենը՝ որպես համազգային ու ամեն ինչ վճռող գոյապայքար»։ Մենք շատ բարձր ենք գնահատում Ձեր մասնակցությունը և դերը Արցախյան պատերազմում։
Մեր բոլոր ուսուցինչները՝ առավել ևս տիկին Սարգսյանը, իրենց հատկացված դասաժամից գտնում են րոպեներ և հատկացնում մեր՝ աշակերտներիս մեջ արթնացնելու հայրենասիրություն, հային վայել դատողություն և սեր սեփական երկրի կառավարության հանդեպ, և մենք երախտապարտ ենք նրանց:
Հետևում էինք նաև Ձեր հանդիպմանը լրագրողների հետ։ Պարոն նախագահ, մենք տպավորված ենք Ձեր խրոխտ և սպառիչ պատասխաններով։ Բացահայտեցինք նաև, որ Դուք ունեք հումորի բավականին լավ զգացում։ Այդ հանդիպումից հետո մենք կրկին համոզվեցինք, որ ունենք փոքրիկ, բայց հզոր հայրենիք։ Հուսով ենք, որ առաջիկա հինգ տարիների ընթացքում Հայաստանը կդառնա արդար և իսկապես ժողովրդավար երկիր, և դուք կկասեցնեք մեր հայրենիքը կործանող արտագաղթը։
Նախապես շնորհակալություն:
Մենք Ձեզ սիրում և հարգում ենք, մաղթում ենք Ձեզ ուժ և եոանդ:



