«Այն ժամանակ Տերն ինձ ասաց. “Երկու քարե տախտակ կոփի՛ր նախկինների նման ու բարձրացի՛ր լեռը: Փայտից տապանակ պատրաստի՛ր քեզ համար, և ես այդ տախտակների վրա կգրեմ այն նույն պատգամները, որ գրված էին քո ջարդած առաջին տախտակների վրա: Դրանք կդնես տապանակի մեջ”: Ես կարծր փայտից տապանակ պատրաստեցի, առաջինների պես երկու քարե տախտակներ կոփեցի և բարձրացա լեռը: Երկու տախտակներն իմ ձեռքին էին: Նա նախկինում գրածի նման երկու տախտակների վրա գրեց այն տասը պատվիրանները, որ Տերը ձեզ հաղորդել էր լեռան վրա, կրակի միջից, և Տերը դրանք տվեց ինձ: Ես նորից իջա լեռից ու տախտակները դրեցի տապանակի մեջ. և դրանք այնտեղ են մնում, ինչպես պատվիրել էր ինձ Տերը:
Տերն ինձ ասաց. “Գնա՛, քայլի՛ր քո այդ ժողովրդի առջևից, որպեսզի նրանք մտնեն ու ժառանգեն այն երկիրը, որ երդումով խոստացա տալ նրանց հայրերին”»: «Արդ, Իսրայե՛լ, ի՞նչ է պահանջում քեզանից քո Տեր Աստվածը. միայն այն, որ երկնչես քո Տեր Աստծուց, ընթանաս նրա ցույց տված ճանապարհներով, սիրես նրան ու պաշտես քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ էությամբ, պահես քո Տեր Աստծու պատվիրաններն ու նրա օրենքները, որ ես այսօր պատգամում եմ քեզ, որպեսզի քեզ համար լավ լինի: Երկինքն ու երկինքների երկինքը, երկիրն ու նրա մեջ գտնվող ամեն ինչ պատկանում են քո Տեր Աստծուն: Տերը, սակայն, բարեհաճ գտնվեց ու սիրեց ձեր հայրերին և նրանցից հետո ընտրեց ձեզ՝ նրանց հետնորդներին, բոլոր ազգերի միջից, ինչպես որ տեսնում եք մինչև այսօր:
(Երկրորդումն Օրինաց 10:1-5, 11-15)