Գիտական շրջանակներում ավանդական կոնֆուցիականությունը դիտարկվում է կա՛մ որպես ոչ ժողովրդավարական կառավարման համակարգ, կա՛մ ընդհանրապես հակաժողովրդավարական։ Կոնֆուցիականության հակաժողովրդավարական հատկանիշներն ինչ-որ ձևով մեղմացվում են այդ համակարգի կողմից առաջ քաշված «արժանավորների իշխանության» (մերիտոկրատիա) սկզբունքի առկայությամբ։
Մերիտոկրատական սկզբունքն ամբողջությամբ կիրառելի է ժամանակակից Չինաստանի քաղաքական համակարգում, որտեղ քաղաքական կարիերայի հնարավորություն են ստանում տաղանդավոր գործիչներ՝ անկախ իրենց սոցիալական կարողություններից։ Անկախ մերիտոկրատական սկզբունքների առկայությունից՝ կոնֆուցիականությունը համապատասխան պայմաններ չի ստեղծում ժողովրդավարական համակարգ կառուցելու համար, բայց ըստ շատերի՝ այս սկզբունքի առկայությունը հիմք է հանդիսանում քննարկել ժողովրդավարական համակարգի հետ կոնֆուցիականության համատեղելիությունը։
Ընդհանրապես, դասական կոնֆուցիականության հայրենիքն ու քաղաքական արժեքների հիմնական կրողը Չինաստանն է։ Կոնֆուցիական համակարգ որդեգրած մյուս Ասիական պետություններում այդ համակարգը տեղայնացված է և դրա առանձնահատկությունները պայմանավորված են յուրաքանչյուր առանձին պետության ներսում առկա մշակութային առանձնահատկություններով։
Կոնֆուցիականությունը մերժում է քաղաքացիների իրավունքները, իսկ այն բացառիկ դեպքերում, երբ կան որոշակի իրավունքներ, ապա դրանք սահմանված են պետության կողմից։ Այս համակարգերում պարտադրված ներդաշնակությունն ու համագործակցությունը գերադասվում են բազմակարծությունից և մրցակցությունից, իսկ պետության կողմից սահմանված կարգերի պահպանումն ու հարգանքը հիերարխիկ հարաբերությունների նկատմամբ համարվում են կոնֆուցիականության արժեքային համակարգի առանցքը։ Կարծիքների և խմբային շահերի բախումներն ու քաղաքական կուսակցությունների առկայությունը դիտարկվում են որպես ոչ լեգիտիմ և վտանգավոր։ Կոնֆուցիականության՝ ժողովրդավարությանը հակասող ամենակարևոր խոչընդոտներից մեկն այն է, որ այս համակարգերը նույնականացնում են պետությունն ու հասարակությունը և ամբողջությամբ բացառում են պետությունից հարաբերականորեն անկախ սոցիալական խմբերի և ինստիտուտների առկայությունը։ Պատմության ընթացքում կոնֆուցիականություն ունեցող կամ դրա ազդեցության տակ այս կամ այն չափով հայտնված հասարակություններն անհյուրընկալ են եղել ժողովրդավարության նկատմամբ։
Կոնֆուցիականության գործնական փորձն Ասիական երկրներում
Քննարկենք մի քանի կոնֆուցիական պետությունների քաղաքական փորձը։ Ինչպես արդեն նշվեց, կոնֆուցիականության հայրենիքը Չինաստանն է, իսկ մնացած Ասիական պետությունները, որոնք այս կամ այն պատճառով տեղայնացրել են կոնֆուցիականությունն իրենց երկրներում, ժամանակի ընթացքում կա՛մ անցել են ամբողջական ժողովրդավարացման (Ճապոնիա, Ֆիլիպիններ), կա՛մ փորձել են այն հնարավորինս համապատասխանեցնել իրենց տեղական մշակութային ավանդույթներին և զգալիորեն հեռացել են կոնֆուցիականության դասական սկզբունքներից՝ վերածվելով ավելի ավտորիտար համակարգ ունեցող հասարակությունների (Սինգապուր, Թայվան, Հարավային Կորեա)։ Որոշ Ասիական երկրների շեղումը կոնֆուցիականությունից դեպի ժողովրդավարություն պայմանավորված է եղել մի շարք գործոններով, որոնք տարբեր երկրներում տարբեր դրսևորումների հետևանքներ են եղել, սակայն այդ երկրներն ունեցել են նաև ընդհանրություններ, որոնցից առավել ակնառուն այն է, որ ժողովրդավարացման ճանապարհը բռնած երկրները (Ճապոնիա, Ֆիլիպիններ), ի հակադրություն Չինաստանի, մինչև 1900-ականներ ժողովրդավարական կառավարման համակարգ են ունեցել։ Ֆիլիպինների պարագայում կոնֆուցիականությունից հրաժարվելը պայմանավորված էր նաև երկրում կաթոլիկության տարածմամբ, որը, ըստ էության, անհամատեղելի դարձրեց կոնֆուցիականության հետագա առկայությունը։
Ճապոնիայում Երկրորդ համաշխարհային պատերազմում անվերապահ կապիտուլյացիայից հետո ԱՄՆ օկուպացիոն բանակի հրամանատար Դուգլաս Մաքարթուրի կողմից նախաձեռնվեց նոր սահմանադրություն ընդունելու գործընթաց։ Նոր սահմանադրությունն ու երկրում ամերիկյան զորքերի առկայությունը ստիպեցին Ճապոնիային վերաձևակերպել կոնֆուցիական արժեքներն ու դրանք համադրելի դարձնել տեղական մշակութային ավանդույթներին և ժողովրդավարական նոր սահմանադրությանը։
1980-ական թվականներից Ճապոնիան միանշանակ կարելի է համարել կայացած ժողովրդավարական պետություն։ Այսօր Ճապոնիան համարվում է մեկ դոմինանտ կուսակցություն ունեցող ժողովրդավարական պետություն, որտեղ գործում են ժողովրդավարական բոլոր ինստիտուտները։ Եվ չնայած նրան, որ Ճապոնիայում ընտրությունների միջոցով դեռևս իշխանության խաղաղ փոխանցման փորձ չի եղել, ակնհայտ է նաև այն կարևոր իրողությունը, որ ընտրություններն այդ երկրում անցնում են ժողովրդավարական չափանիշներին համապատասխան և տրամագծորեն տարբերվում են կոնֆուցիական դրսևորումներից։
Չինաստանը ևս չկարողացավ շրջանցել ժողովրդավարության շուրջ երկրում աճող վստահության հետևանքով առաջացած մարտահրավերները։ Մասնավորապես, 1980-ականների վերջում Չինաստանն արագ տեմպերով մեծ տնտեսական աճ գրանցեց, ինչի հետևանքով երկրի ուսանողության և հասարակության միջին խավի շրջանում ժողովրդավարության հանդեպ վստահությունն աճեց և երկրում սկսվեցին զանգվածային բողոքի ակցիաներ, որոնց հիմնական պահանջը ժողովրդավարացման գործընթաց սկսելն էր։ Այս բողոքի ալիքին իշխանությունների արձագանքը բավականին կոպիտ և ոչ համարժեք էր։ Նախ՝ բողոքի ալիքը բավականին ռեպրեսիվ մեթոդներով ճնշվեց, և Տյանանմեն հրապարակում ուսանողների կազմակերպած խաղաղ ցույցը հանդիպեց բիրտ ուժի, ինչի արդյունում ավելի քան 300 բողոքի ակցիայի մասնակից զոհվեց, իսկ վիրավորների և ձերբակալվածների թիվը մինչև հիմա անհայտ է մնում։ Բողոքի ալիքին ուժային լուծում տալով Չինաստանի իշխանություններն անցան իրավիճակի հանգուցալուծման երկրորդ փուլին, որով նրանք ինչ-ինչ քաղաքական փոփոխությունների արդյունքում ձևավորեցին նոր տիպի պատեռնալիստական ավտորիտար համակարգ։ Չինական իշխանությունների կողմից հրապարակ նետված նոր տիպի ավտորիտար համակարգի անհրաժեշտությունը հիմնավորող հիմնական թեզը կապված էր հենց տնտեսական համաչափ զարգացումն ապահովելու հրամայականով։ Մասնավորապես, Չինաստանի կառավարությունը համոզված էր, որ նոր՝ ավելի ամուր ավտորիտար համակարգը կապահովի չինական տնտեսության համաչափ զարգացումը, իսկ քաղաքական համակարգում այն ավելի կայուն կպահի՝ միաժամանակ չխախտելով չինական կոնֆուցիականության սկզբունքները։
Սինգապուրում, Թայվանում և Հարավային Կորեայում 1980-ականների վերջում տնտեսական առաջընթացը ժողովրդավարացման համար դրական նախադրյալներ ստեղծեց։ 1990 թվականին Սինգապուրը համարվում էր միակ նավթ չարտահանող, սակայն բարձր տնտեսական աճ գրանցած երկիրը, որը չուներ ժողովրդավարական քաղաքական համակարգ։ Սինգապուրի Վարչապետ Լի Կվան Յուն կոնֆուցիականության համոզված հետևորդ էր։ 1980-ականներին Կվան Յուն Սինգապուրի քաղաքական համակարգի հիմքում դրեց կոնֆուցիականությունը և դրան հակադրվող ցանկացած գաղափարախոսություն կամ քննադատություն լռեցվեց երկրի սահմաններում։ Անգամ մամուլի նկատմամբ տարատեսակ ճնշումներ եղան վերոգրյալ համատեքստում։ Տնտեսական հրաշքից հետո կոնֆուցիական Սինգապուրը համալրեց աշխարհի հարուստ, բայց ոչ ժողովրդավարական երկրների շարքը, որի հաջողության բանալին, ըստ էության, բավականին տեղային նշանակություն ուներ և դեռևս որպես նմանատիպ երկրորդ հաջողված փորձ գոյություն չունի։
Թայվանի և Հարավային Կորեայի պարագայում կոնֆուցիականության «սպառնալիքներն» առավել ամուր գտնվեցին և երկու երկրներն էլ 1980-ականների վերջում ժողովրդավարացման ուղին բռնեցին։ Թայվանը պատմականորեն հանդիսացել է Չինաստանի ծայրամասերից, և այնտեղ առկա կոնֆուցիականությունը հիմնականում պայմանավորված է եղել այդ պատմական իրողությամբ։ Չինական դոմինանտությունից է բխել Թայվանի քաղաքական և տնտեսական համակարգի ձևավորումը։ 1980-ականների վերջում Թայվանի գրանցած տնտեսական աճը սկսեց խոչընդոտներ ստեղծել չինական տիպի քաղաքական և տնտեսական համակարգի համար։ Տնտեսական զարգացվածության արդյունքում երկրում ձևավորված միջին խավի քաղաքական ազատությունների պահանջարկները սկսեցին ավելանալ, և արդեն 1990 թվականին կոնֆուցիականությունը Թայվանում լուրջ լեգիտիմության խնդիրների բախվեց։ Քաղաքական ղեկավարությունը ստիպված եղավ ազատականացնել Թայվանի քաղաքական համակարգն ու բռնեց ժողովրդավարացման ուղին։ Այսօր արդեն Թայվանը, ըստ «Freedom House»-ի հայտարարած ժողովրդավարության ինդեքսի, համարվում է ամբողջական ժողովրդավարական համակարգ ունեցող պետություն, որի ժողովրդավարության միավորը հնարավոր 100-ից 91 է։ Այսինքն, նախորդ դարավերջին Թայվանի արձանագրած տնտեսական աճը, ի հակադրություն Չինաստանի և Սինգապուրի, երկիրը կոնֆուցիական պատեռնալիստական բռնապետությունից տարավ դեպի ամբողջական ժողովրդավարացման։
Հարավային Կորեայի պարագայում կոնֆուցիականությունից դեպի ժողովրդավարացման անցման համատեքստում, բավականին կարևոր դերակատարում է ունեցել Հարավային Կորեայի դասական մշակութային ժառանգությունը։ Ի հակադրություն Թայվանի՝ հարավկորեական դասական մշակույթն իր մեջ մոբիլություն (շարժունակություն/ճկունություն) և էգալիտարիանիզմի (հավասարության) տարրեր է պարունակում, որոնք մինչև նախորդ դարի 80-ական թվականներ ստորադասվում էին կոնֆուցիականությանը, որն էլ, ինչպես արդեն նշեցինք, ամբողջությամբ խրախուսում էր պատեռնալիստական բռնապետական համակարգը։ Բացի հարավկորեական մշակութային նպաստավոր տարրերից՝ 80-ականների վերջին երկրում առաջացավ նաև քրիստոնեության մասսայական տարածում, որը ևս ժողովրդավարացման համար դրական ազդակներ ստեղծեց։ Ժողովրդավարացման համար վերոգրյալ դրական գործոններին գումարվեցին նաև տնտեսական աճն ու հասարակության շրջանում կրթված միջին խավի ձևավորումը, որն էլ երկիրը տարավ դեպի ժողովրդավարական հասարակություն կերտելուն։ Այսօր արդեն Հարավային Կորեան, «Freedom House»-ի հրապարակած տվյալներով, հանդիսանում է կայացած ժողովրդավարական պետություն։
Սույն վերլուծությունը կատարելիս հիմնական շեշտադրումը կատարել եմ ժողովրդավարությունից տրամագծորեն տարբերվող քաղաքական (շատ բնորոշիչներով՝ քաղաքակրթական) համակարգի ունեցած առանձնահատկություններին և այն երկրների փորձին, որոնք այս կամ այն պատմական շրջանում կառավարվել են կոնֆուցիականությամբ։
Վերլուծության մեջ քննարկված Ասիական երկրներից շատերը (բացառությամբ Չինաստանի և Սինգապուրի) նախորդ դարավերջին կա՛մ ամբողջությամբ հրաժարվեցին կոնֆուցիականությունից, կա՛մ կոնֆուցիականությունն այդ երկրներում այնպիսի տրանսֆորմացիոն փուլերով անցավ, որ կորցրեց իր հիմնական քաղաքական բնորոշիչները։ Կոնֆուցիականությունից անցումը դեպի ժողովրդավարության տեղի ունեցավ բազմաթիվ գործոնների առկայության պայմաններում, որոնցից հիմնականը տնտեսական զարգացվածության աստիճանն էր, որն անգամ Չինաստանում և Սինգապուրում որոշակի դժգոհություններ առաջացրեց քաղաքական համակարգի նկատմամբ։ Բացի տնտեսական զարգացվածությունից, Ֆիլիպինների և մասամբ նաև Հարավային Կորեայի պարագայում, դեպի ժողովրդավարություն հակվածությանը նպաստեց նաև կրոնական ասպեկտը, որը բավականին դրական դերակատարում ունեցավ երկու երկրներում ժողովրդավարական հաստատությունների ստեղծման և փուլ առ փուլ ժողովրդավարացման համատեքստում։ Ինչպես «Երրորդ ալիքի» մյուս՝ ոչ կոնֆուցիական համակարգ ունեցող երկրների պարագայում, այստեղ ևս առկա էր արտաքին ուժերի շահագրգռվածության գործոնը, մասնավորապես, Ճապոնիայի պարագայում հայտնի ամերիկյան գործոնը։ Այնուամենայնիվ, քաղաքական համակարգերի համեմատական վերլուծության սահմաններում դեռևս անպատասխան են մնում այնպիսի հարցեր, որոնք կապված են այս կամ այն քաղաքական համակարգի՝ երրորդ երկրում կիրառելիության մշակութային և կրոնական համապատասխանելիության հետ։ Համապատասխանո՞ւմ է արդյոք կոնֆուցիականությունը քրիստոնեական այս կամ այն ճյուղին պատկանող կրոնական ուղղվածություն ունեցող երկրներում կիրառելու համար, թե ոչ։ Այս հարցին հնարավոր է պատասխանել՝ սույն վերլուծության սահմաններում հաշվի առնելով քննարկված պետությունների ունեցած փորձը։ Իսկ հնարավո՞ր է արդյոք կոնֆուցիականության հիմքը հանդիսացող մերիտոկրատական ընտրական համակարգն առանձին դիտարկել ժողովրդավարական համակարգերում կիրառելու համար։ Այս պարագայում ևս միջազգային փորձը ցույց է տալիս, որ ցանկացած քաղաքական համակարգի մեկ առանձին ասպեկտի կիրառելիությունը մեկ այլ քաղաքական մշակույթ և համակարգ ունեցող երկրի սահմաններում ուղղակի դատապարտված է ձախողման։
Հ.Գ.Այն, որ կոնֆուցիականությունն իր ունեցած բնորոշիչներով և քաղաքական պահանջմունքներով ու սահմանած կարգով գտնվում է ժողովրդավարության հակադիր բևեռում, մասնագիտական շրջանակներում բանավեճեր չի հարուցում։ Բայց, ցավոք սրտի, շատ դեպքերում սիրողական մակարդակում թեմայի շուրջ տեղի ունեցող քննարկումներն անցնում են բանականության սահմաններն ու ստիպում մասնագիտական տեսանկյունից քննարկման առարկա դարձնել արդեն վաղուց քաղաքագիտական շրջանակներում տրիվիալ իրողությունները։
Նարեկ Սամսոնյան