Սրանից մի քանի շաբաթ առաջ գրել էի այն մասին, որ ժողովրդի ու «էլիտայի» միջև անջրպետի խորանալն ու չինովնիկաօլիգարխիկ բեսպրեդելը վաղ թե ուշ հանգեցնելու է ընդվզման ռադիկալ տարբերակների։ Ինչքան հիշում եմ, հռետորական հարցադրում էի արել, թե արդյո՞ք չի վախենում Սամվել Ալեքսանյանը, որ երբ Փակ շուկան ավիրի, վերջացնի, որ հասարակ քաղաքացիները կսկսեն, օրինակ, նորաթուխ «Սիթիի» պատուհանները ջարդել, զուտ նրա համար, որ ատում են սեփականատիրոջը...
Դե ի՞նչ, ոնց որ թե արդեն նման մոտիվացիայով պայմանավորված առաջին դրսևորումներին ենք ականատես լինում։ Նոր «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում կարդացի, որ Արարատ մարզի Գոռավան գյուղում գյուղացիները պատժել են իրենց գյուղապետ Արսեն Բազիկյանին, քանզի վերջինիս մեղավոր են համարում ընտրությունների արդյունքները կեղծելու համար։ Ըստ թերթի՝ գյուղացիների մեծամասնությունը քվեարկել էր Րաֆֆու օգտին, բայց գյուղապետի թեթև ձեռքով ձայների մեծամասնությունն ամրագրվել էր Սերժի օգտին։ Դե գյուղացիներն էլ բռնել ու կտրել են գյուղապետի մրգատու այգու բոլոր ծառերը...
Ամենևին չգովաբանելով ու չխրախուսելով նման արարքն ու մեթոդները, այնուամենայնիվ ուզում եմ նշել, որ եթե իշխանությունը չսկսի կրճատել անջրպետն ու չաշխատի անվստահության մթնոլորտը փոխելու ուղղությամբ, ապա բնավ չի բացառվում, որ քաղաքացիական ընդվզման նմանատիպ դրսևորումները կհաճախակիանան, ինչը բնավ էլ չի նպաստի երկրի վիճակի բարելավմանը։
Ընդ որում, այս իրավիճակը շտկելուն ուղղված քայլերը պետք է լինեն կոնկրետ ու հստակ, ոչ թե վերացական ու դեկլարատիվ։ Սթափվելու ժամանակը վաղուց է եկել՝ հատկապես մեր տնտեսական ու քաղաքական վերնախավի համար, և եթե այս փաստի գիտակցությունը չլինի, կլինի այն, ինչ պարբերաբար եղել ու լինում է հասարակությունների հետ՝ պատմության ընթացքում՝ սոցիալական լարվածության անկառավարելի պայթյուն։ Դա՞ եք ուզում։



