25 տարի առաջ էր... Գարնանային այս օրերին... Սովետական բանակը մտել էր Երեւան, շրջապատել Ազատության հրապարակը եւ կողքի փողոցներում էլ պարեկություն էին անում, որ հանկարծ մարդ չհավաքվի: Մի խումբ երիտասարդներ կանգնած հայհոյում էին սովետական զինվորներին, հետո սկսեցին նրանց վրա քարեր նետել... Մենք փորձում էինք հետ պահել տղաներին՝ հասկանալով, որ զինվորների համբերությունը անսահման չէ... Այդպես էլ եղավ՝ սկզբից օդ կրակեցին, հետո վազեցին մեր կողմը ու իրենց կոշտ ճտքավոր կոշիկներով մի քանի հարված հասցրին աթոռներին սովոր մեր նուրբ հետույքներին... Ֆիզիկական ցավը բավական շուտ անցավ, տեղը զիջելով հայրենասիրական հպարտությանը՝ ծեծ կերանք հանուն անկախ ու ազատ հայրենիքի... Մնաց միայն ցավագին հիշողությունը՝ ոչ թե այդ սովետական զինվորների մասին՝ ինչ մեղավոր էին՝ հրաման էին կատարում... Ցավն այն էր, որ երբ այդ զինվորները վրա տվեցին, շուռ եկա ու տեսա, որ նրանց վրա քար նետող ու հոխորտացող հայ տղաները թողել փախել են, մտել են կողքի շքամուտքերը ու այդ ապահով տեղերից ծիծաղում են մեզ վրա ու հաճույքով դիտում, թե ինչպես են մեզ դնգստում... Ինչո՞ւ հիշեցի... Ֆեյսբուք մտա՝ հիշեցի... Հոխորտացող, հայհոյող, անպարկեշտ նկարներ դնող ու իրենց հեղափոխականությամբ արբեցած անձնավորություններ, որոնք իրական վտանգի դեպքում ծակերն են մտնելու ու հաճույքով դիտելու, թե ինչպես են ուրիշներին ծեծում... Գարուն է... Ու ոչ մի բան չի փոխվել... Պարզապես նրանք, ովքեր 25 տարի առաջ շքամուտքերն էին մտել, հիմա մտել են Ֆեյսբուք...



