Առաջին ու ակնհայտ բանը այս ընտրություններում այն է, որ ընտրությունները ե՛ւ քաղաքական, ե՛ւ իրավագիտական իմաստով տապալվել են... Եվ տապալվել են հատկապես նախընտրական շրջանում, իսկ հետընտրականում ստացել առավել անհեթեթ ձեւեր...

1. Ըստ գաղափարի (իմա՝ Ազգային ժողովում ներկա) ընդդիմադիր բոլոր կուսակցությունները հրաժարվում են մասնակցությունից՝ ստեղծելով փաստացի բոյկոտի վիճակ, բայց դրա մասին բարձրաձայնողներին հայտարարում են թշնամի ե՛ւ վերեւից, ե՛ւ ներքեւից...

2. Թեկնածուներից մեկի դեմ իրագործվում է մահափորձ ու բացարձակապես ոչ մի քաղաքական ձեւակերպումը լուծում դրա վերաբերյալ:

3. Մի այլ թեկնածու անժամկետ հացադուլ է հայտարարում շատ կոնկրետ պահանջով եւ կրկին 100 %-անոց անտեսում, ոչ միայն իշխանության կողմից, այլեւ ընդդիմության կողմից:

4. Համեմատաբար մեծ քանակի ձայներ հավաքած թեկնածուն սկզբում քաղաքական/օրինական լուծում է պահանջում ընտրությունների անհամոզիչ ու վիճելի խնդիրների շուրջ, բայց ապա ինչ-ինչ պատճառներով իրեն հայտարաում է ընտրված նախագահ:

5. Ընտրություններից հետո ձերբակալվում է թեկնածուներից մեկը ու կրկին ոչ ադեկվատ ռեակցիա էսպես կոչված «քաղաքական դաշտ»-ի կողմից:

    Դեռ նախընտրական շրջանում ակընհայտ էր, որ ՍՍ-ն մենակ  է մնացել այս ընտրախաղում ու հասարակության միակ օրինական ռեակցիան պիտի բոյկոտը լիներ այս անօրինականությունը հաղթահարելու եւ որեւէ կերպ շտկելու համար:

    Բայց խաղը գնաց էս վարչախմբի տերերի սցենարով.

   Նախ չեզոքացվեցին/վարկաբեկվեցին «կուսակցությունները», հետո «քաղաքացիական շարժումները», իսկ ամենավերջում՝ «քաղաքացին» ու «ընտրողը»:

    Սա ոչ թե 2008 թիվն է, այլ 1999-ը. Հայաստանի հասարակությանը ոչ թե ահաբեկեցին, այլ գլխատեցին՝ կրկին շահարկելով հայաստանյան հանրության քաղաքական  ու իրավագիտական կիսագրագիտությունը...

   Բացարձակ սուտ ու կեղծիք են «ժողովուրդը հոգնել է», «հասարակությունը անտարբեր է» ձեւակերպումները...

     Ընկերավարական ու տնտեսական դժգոհության վրա հնարավոր է անհնազանդության հզոր ալիք բարձրացնել, որոնց ականատեսը եղել ենք բոլորս, բայց դրան կոնկրետ ու արդյունավետ ուղղություն հաղորդելու համար ներհասարակական երկխոսության մթնոլորտ է պահանջվում, որը կարող է լինել ազատ մամուլի, ազատ խոսքի, ազատ ընտրության հնարավորության ու տնտեսքաղաքական բազմազանության պայմաններում, որոնց գոնե տպավորությունը ստեղծվում էր մինչեւ 1996 թվի առաջին տապալված ընտրությունները...

Հ. Գ. Էս թնջուկը 20 տարվա պատմություն ունի... Երբ չբացահայտված սպանություններ էին  տեղի ունենում, փակում էին թերթեր եւ կուսակցություններ, ու ոչ ոք չէր պահանջում հետեւել սահմանադրությանը կամ օրենքին... «Ազգի շահերից» ելնելով բոլորը, անկախ կուսակցական ու գաղափարական պատկանելիությունից,  միաբերան հայտարարում էին, թեկուզ միկրոֆոնից հեռու, որ ավտորիտար ռեժիմը անհրաժեշտ է անկախ երկիր ու պետականություն ստեղծելու համար...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել