Panarmenian.net-ը գրում է.ՀՀ վարչապետի հանձնարարականով ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանն այցելել է «Հյուսիս-հարավ» ճանապարհի տարբեր հատվածներում իրականացվող շինարարական տեղամասեր, որտեղ շարունակվում են 10-ը ուղեանցերի կառուցման և բարեկարգման աշխատանքները։
ՀՀ կառավարության նիստում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը հանձնարարել է հսկողություն սահմանել «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» Երևան-Արտաշատ ճանապարհահատվածում ընթացող հարակից ենթակառուցվածքների շինարարությանը՝ այն արագացնելու և որակյալ ավարտելու համար։
Նախարարի առաջին տեղակալը վստահեցրել է, որ շինարարությունն ընթանում է բնականոն հունով: Նա պարզաբանել է, որ ըստ քաղաքաշինական նորմերի մշակված նախագծանախահաշվային փաստաթղթերի՝ այս ենթակառուցվածքների շինարարության տևողությունը սահմանված է եղելմոտ 2 տարի։Ուղեանցերի և կամուրջների շինարարությունը մեկնարկել է 2016թ. սեպտեմբերին: Եվ, ըստ նախարարության հսկողական ցուցանիշների, եթե չլինեն անհաղթահարելի խոչընդոտներ, 2017-ի մայիս-հունիս ամիսներին «Հյուսիս-հարավի»Երևան-Արտաշատ ճանապարհի երկկողմանի երթևեկությունը կվերականգնվի:
«Բաց երթևեկության պայմաններում կշարունակվեն կամուրջների, ուղեանցերի ասֆալտապատման և բարեկարգման բոլոր մնացած աշխատանքները: Նախատեսվում է աշխատանքներն ամբողջովին ավարտել ծրագրով նախատեսված ժամկետից ավելի շուտ, սակայն վստահեցնում եմ, որ դա որևէ կերպ չի անդրադառնա որակի վրա»,- նշել է Առաքելյանը:
Առաքելյանը պարզաբանել է ծրագրի առանձնահատկությունները, որով պայմանավորված՝ ուղեանցերի և կամուրջների շինարարությունը մեկնարկել է ճանապարհը շահագործման հանձնելուց հետո:
«Հանրության կողմից շատ են քննադատությունները, որ ճանապարհը շահագործման հանձնվեց և դրանից հետո նորից փակվեց, և մենք ստիպված եղանք կրկին անհարմարություններ պատճառել մեր քաղաքացիներին։ Բայց կան դրա օբյեկտիվ պատճառներ: Խնդիրն այն է, որ ի սկզբանե, երբ սկսվում էր ծրագիրը, միջոցների սղության պատճառով նախատեսված էր կառուցել միայն ճանապարհային հատվածը: Հետագայում մրցույթների և հետագա պայմանագրի կառավարման արդյունքում Տրանշ 1-ով նախատեսված գումարներից առաջացավ որոշակի տնտեսում, որը հնարավորություն տվեց համապատասխան վերաբաշխումներով և ՀՀ կառավարության թույլտվությամբ, նաև հաշվի առնելով հիմնականում ճանապարհի երկայնքով գտնվող բնակավայրերի բնակիչների ցանկությունը, ի լրումն հիմնական ծրագրի նախագծել և կառուցել նաև 10 ուղեանց և կամուրջ»,- մանրամասնել է Առաքելյանը:
Իրականացվող շինարարության նախագծային տեխնոլոգիան պահանջում է, որ կամուրջների որոշակի հատվածներ պատրաստվեն այլ գործարաններում։ Դրանից հետո միայն դրանք տեղափոխվում են և տեղադրվում: Այդ իսկ պատճառով որոշ ժամանակահատվածներում շինհրապարակում մեծ աշխատուժ կամ տեխնիկա չի լինում։



