Ամազոնի ջունգլիներում կորած չիլիցի ճամփորդի կյանքը փրկել են մի խումբ վայրի կապիկներ, որոնք ավելի քան մեկ շաբաթ մրգեր էին բերում նրա համար, նրան տանում ապահով վայր և ուղորդում դեպի մոտակա ջրի աղբյուրը։
Ընդամենը մեկ ամիս առաջ 25-ամյա Մայքլ Կորոսեո Ակունյան առանց որև բան ասելու թողել էր իր խմբին ու առանձնացել։ Հարյուրավոր փրկարարներ էին ներգրավվել Ակունյայի որոնողական աշխատանքների մեջ. անգամ նրա ծնողներն էին ժամանել։ 9-րդ օրը, երբ Ակունյայի քույրը ջունգլիում փնտրում էր եղբորը, տերևների տակից ձայներ լսեց և այդպես գտավ նրան։
Ոչ ոք չգիտեր, թե ինչու էր Ակունյան առանց բացատրության անհետացել՝ չթողնելով ոչ մի հետք։ Ճամփորդական գործակալության ղեկավար Ֆեյզար Նավան պատճառաբանում է, որ Ակունյան չէր ցանկանում մասնակցել Պաչամամա աստվածուհուն (ըստ Ինկյան դիցաբանության` Պաչամաման աշխարհի ու Երկրի մայր աստվածուհին է) նվիրված տոնակատարությանը։ «Նա իրեն մի փոքր տարօրինակ էր պահում։ Դեմքի արտահայտությունը սովորականի պես չէր։ Կարծում եմ՝ նրա համոզմունքներին դեմ էր արարողությանը մասնակցելը»։ Նավան փորձել էր Ակունյային աչքի տակ պահել, բայց ընդամենը 5 րոպե բացակայելուց հետո նկատել էր, որ նա անհետացել է։
Մոլորվածն ավելի ուշ պատմեց, որ հեռանալուն պես ջունգլիից հեռու փախչելու մի տարօրինակ ու չար ցանկություն առաջացավ իր մոտ։ «Սկսեցի վազել։ Հողաթափերս չէին թողնում արագ վազել, ուստի դեն նետեցի դրանք։ Ապա շպրտեցի հեռախոսս ու լապտերս։ Երկար վազելուց հետո մի ծառի մոտ կանգ առա, սկսեցի մտածել ու գիտակցել, թե ինչ եմ արել։ Երբ ուզում էի վերադառնալ, հասկացա, որ արդեն անհնար է»։
Իր արածի լրջությունը գիտակցելուց հետո Ակունյան հուսահատվել էր, ու չգիտեր, թե ինչպես գտնի ճիշտ ուղին։ Մոծակները հոշոտում էին նրան, ու չնայած կապիկները պարբերաբար մրգեր էին բերում, 8-րդ օրը նրա մոտ սովի ուժեղ զգացում առաջացավ։
Փրկարարների բերած երկու շամաններին հաջողվեց գտնել Ակունյայի կեղտոտ գուլպան։ Ըստ շամանների՝ գուլպայի միջոցով նրանք կարողացան կապվել Ակունյայի հոգու հետ։
«Գուլպան մեր գործը շատ հեշտացրեց, ու շատ շուտով կկարողանանք գտնել Ակունյային»,- պատմում էին շամանները։
Բայց այն երկար չտևեց. հաջորդ օրը Ակունյայի քույրը գտավ նրան։



