Ապրիլյան պատերազմի նախօրեին ՀՀ նախագահի՝ Արցախ կատարած այցի շրջանակներում տեղի ունեցան ռազմական միջոցառումներ, որի ընթացքում ելույթ ունեցավ և նախագահը։ Սովորաբար առանց էմոցիաների ու զուսպ Սարգսյանի ելույթն այս անգամ առանձնացավ նրանով, որ էմոցիոնալ շեշտադրումներ կային, սակայն պետք է ասել, որ դրա իրավունքը նա ունի։ Նախագահը հայտարարեց, որ այլևս սրբադասումներ տեղի չեն ունենալու, իսկ թե ինչ է զգացել ինքը Ապրիլյան պատերազմի օրերին, ոչ ոք չգիտի։ Մեկ տարվա ընթացքում նույնիսկ Սարգսյանի քաղաքական օպոնենտները հայտարարում են, որ բանակում տեղի են ունեցել իսկապես որակական ու ֆունդամենտալ փոփոխություններ, որոնց արդյունքում հայկական բանակն այսօր ի վիճակի է արդեն վերահսկելու թշնամու տեղաշարժը նրա իսկ թիկունքում։ Ապրիլյան քառօրյան յուրօրինակ ազդակ էր մեր ինքնիշխանության ու ազգային անվտանգության առումով։ Պատերազմը մշտապես սթափեցնող դերակատարում է ունենում հասարակություններում, ինչը տեղի ունեցավ նաև մեր դեպքում, թեկուզ մասնակի առումով։ Իսկապես շատ դժվար է խոսել, երբ ընդդիմախոսներդ չեն դադարում զբաղվել պոպուլիզմով ու օգտագործում են զոհերի հիշատակն իրենց քաղաքական փիառի համար, սակայն երկրի անվտանգությունը վեր է ամեն ինչից, ու դա այն Ռուբիկոնն է, որից այն կողմ ոչ մի քաղաքական ուժ չպետք է անցնի։
Ինչ մնում է պատերազմից հետո ստեղծված իրավիճակին, պետք է հասկանալ մեկ բան՝ոչ մի պարագայում չպետք է ներքաղաքական, տվյալ դեպքում՝ պառլամենտական ընտրությունները սարքել մատի փաթաթան ու ընտրություններից հետո անկարգություններ հրահրել։ Համոզվեցինք արդեն, թե ինչպիսի հակառակորդ ունենք։ Համոզվեցինք նաև, որ այս հակառակորդի հետ պետք է խոսել այն լեզվով, որը նրան է հոգեհարազատ, որովհետև այլ լեզու չի հասկանում, ու պատժել նրան հենց իր լեզվով, եթե նորից փորձի հարցեր կարգավորել ռազմական ուժով։ Հայկական բանակը մեկ տարվա ընթացքում իսկապես կատարելագործվել է ու վստահաբար կարելի է ասել՝ այլևս երբեք նոր ապրիլներ մենք չենք ունենալու։