Արցախում վերջին 10 տարիներն աչքի են ընկնում իրականացվող հատուկ տնտեսական քաղաքականությամբ, որի շնորհիվ այդ ընթացքում ապահովվել է կայուն տնտեսական աճ՝ միջին տարեկան ցուցանիշը հասցնելով մոտ 10%-ի: Այսպիսով՝ 2015 թվականի համախառն ներքին արդյունքն իրական արտահայտությամբ աճել է 9,1%-ով՝ կազմելով 438 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: 2015 թվականին մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն կազմել է շուրջ 3 հազար ԱՄՆ դոլար՝ 4 անգամ գերազանցելով 2006 թվականի մակարդակը:
Նման զարգացման պայմաններում հետաքրքրական է երկրի ՀՆԱ կառուցվածքը: Այստեղ արդյունաբերական արտադրության տեսակարար կշիռը տարեկան կտրվածքով կազմել է շուրջ 16%: Այս ոլորտի հիմնական ճյուղերն են հանքարդյունաբերությունը, մշակող արդյունաբերությունը ու էներգետիկան: 2015 թվականին արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 112 մլն ԱՄՆ դոլար, ինչը 2014 թվականի համեմատ ավել է 2.5 %-ով:
Դիտարկվող բոլոր տարիներին մշակող արդյունաբերության ոլորտում գերիշխող տեղ է զբաղեցրել սննդամթերքի արտադրությունը՝ կազմելով շուրջ 60% և ապահովելով ավելի քան 11% միջին տարեկան աճ: 2015 թվականին արձանագրված 9.1% տնտեսական աճի 1.8 տոկոսային կետն էլ ապահովել է գյուղատնտեսությունը, որի համախառն արտադրանքը կազմել է ավելի քան 134 մլն ԱՄՆ դոլար՝ գրանցելով 12.9% իրական աճ 2014 թվականի և մոտ կրկնակի աճ 2006 թվականի նկատմամբ: