Հայաստանում չկան օրենք խախտողներ, քանի որ չկան օրենքներ: 
Ներկայացնեմ իմ տեսակետը:
ՀՀ մայր օրենքը Սահմանադրությունն է: ՀՀ Սահմանադրությունից են բխում և նրանով են կարգավորվում բոլոր մյուս օրենքները:
Եթե մայր օրենքը չի գործում, մասնավորապես հոդված 2-ը, եթե իշխանությունը չի պատկանում ժողովրդին, այլ այն յուրացրած կազմակերպությանը կամ անհատին, երբ Սահմանադրական կարգը պահպանող մարմինները չեն իրականացնում իրենց գործառույթները, կարելի է ասել, որ Հայաստանում օրենք չկա, իսկ երբ չկա օրենք, չկան նաև օրենք խախտողներ:
Այդ դեպքում հարց է առաջանում՝ բա ո՞նց են գործում, ինչո՞վ ենք մենք կարգավորում հարաբերությունները: 
Ասեմ: Մենք ապրում ենք գրված և չգրված կանոններով: 
Ազգաբնակչության մեծ մասի համար գործում են գրված կանոնները: Այդ կանոնները յուրաքանչյուր պետական մարմին մեկնաբանում է յուրովի և որոշում է կայացնում ըստ այդ մեկնաբանված կանոնի, ելնելով տվյալ պահի պահանջից: Իհարկե, կան մարդիկ ՀՀ-ում, որոնց համար գործում են չգրված կանոններ, և դա որոշում են իշխանությունը յուրացնողները: Չգրված կանոններով գործող անձինք ունեն որոշակի պարտականություններ և գիտեն, որ չգրված կանոնները խախտելու դեպքում իրենք կարող են հայտնվել գրված կանոնների դաշտում, ուստի նրանք ապրում և գործում են չգրված կանոններով:
Հետընտրական զարգացումները վկայում են, որ շատերն են զրկվելու չգրված կանոններից օգտվելու արտոնություններից:
Այս դեպքում ի՞նչ է մնում անել ժողովրդին՝ իշխանության իրական տիրոջը: Պետք է որոշվի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել