Սոֆի Մխեյանի «2012» երգը համացանցում դարձել է տարատեսակ շահարկումների թեմա: Բանն այն է, որ այդ երգի տեսահոլովակը Full HD ֆորմատով տեղադրվել է մեկ այլ բաժանորդի և ոչ նրա պաշտոնական ալիքի կողմից, youtube.com կայքում` որպես Եվրատեսիլում Հայաստանը ներկայացնող երգ, ինչն էլ շփոթմունքի մեջ է գցում հարյուր հազարավոր այցելուների: Ասածներիս ապացույցը` տեսահոլովակի մեկնաբանությունները: Ի դեպ, այս տեսահոլովակն այս պահի դրությամբ արդեն մոտ 145.000 դիտում ունի, այնինչ «Դորիանսի» երգը հազիվ հատել է 45.000-ի սահմանը: Youtube-ում «ESC 2013 Armenia» որոնման արդյունքում, Դորիանսի կողքին հայտնվում են նաև Սիրուշոյի «I like it» և Լիլիթ Հովհաննիսյանի «Թե աղջիկ լինեիր» երգերը, որոնք նույնպես զգալի քանակությամբ դիտումներ են հավաքել` այսպիսով «Դորիանսից» «փախցնելով» դիտումների քանակը և մոլորության մեջ գցելով բազմահազար արտասահմանցիների, ովքեր պոտենցիալ քվեարկողներ են: Ասածս ինչ է, այս երեք երգչուհիներն էլ ունեն իրենց պաշտոնական էջերը յութուբում, և նրանց մենեջերները հանգիստ կարող են այդ «անօրինական» տեսահոլովակները հեռացնելու հայտ ներկայացնել` այսպիսով չխանգարելով մեր իրական մասնակցին:
Հ.Գ. Փորձե՛ք տնային պայմաններում այս երգչուհիներից որևէ մեկի հոլովակը յութուբյան ձեր ալիքում տեղադրել ու տեսնել, թե քանի ժամ այն կմնա այնտեղ, ասեմ ավելին, դուք անմիջապես կընկնեք յութուբի սև ցուցակ` հեղինակային իրավունքներ խախտելու համար, դե իսկ ձեր ալիքի վրա բողոք կներկայացնեն հենց նրանց պաշտոնական ալիքները: Հետևությունները թողնում եմ ձեզ: