Թուրքիան ԵՄ-ից հետ կպահանջի վերջին 10 տարում վիզաների համար վճարված գումարներըYerkir.am-ը գրում է.
 Թուրքիան պատրաստվում է հայց ներկայացնել Եվրամիության (ԵՄ) դեմ՝ պահանջելով վերադարձնել վերջին 10 տարում մուտքի վիզաների համար վճարված գումարները: Թուրքական Türkiye թերթի կայքի համաձայն՝ սա Թուրքիայի պատասխանն է ԵՄ-ի՝  անցագրային ռեժիմի չեղարկման մասին` դեռևս չիրականացված խոստմանը:
 Ըստ Ermenihaber-ի՝ նախաձեռնության հեղինակներն են Թուրքիայի Միջազգային իրավապաշտպան միությունը, Տնտեսական զարգացման հիմնադրամը և Արտերկրի թուրքերի գրասենյակը: Այս կազմակերպությունները գերմանացի փաստաբան Ռոլֆ Գութմանի միջոցով կդիմեն դատարան՝ պահանջելով վերադարձնել նշված ժամանակահատվածում վիզաների համար վճարված շուրջ 500 մլն դոլարը: Թուրքական կողմի պնդմամբ՝ այդ գումարների գանձումը անօրինական է եղել, հակասել է ԵՄ-ի հետ կնքված` առանց անցագրի ռեժիմի վերաբերյալ պայմանագրի դրույթներին և մեծ խոչընդոտներ  է ստեղծել ու վնաս հասցրել արտերկրի հետ աշխատող թուրք գործարարներին:
 Միջազգային իրավապաշտպան միության նախագահ Հասան Ֆեթթահը նշել է, որ ԵՄ-ի դեմ հայց կարելի է ներկայացնել նաև Թուրքիայի դատարաններում, իսկ եթե դատարանը բավարարի հայցով ներկայացված պահանջները, ապա վերոնշյալ գումարները հնարավոր կլինի գանձել Թուրքիայում ներդրումներ կատարած եվրոպական ընկերությունների եկամուտներից:
 Հիշեցնենք, որ Թուրքիայի քաղաքացիների համար վիզաների չեղարկումը Թուրքիայի և Եվրամիության միջև կնքված` փախստականների հոսքի կանխարգելման մասին պայմանագրի մի մասն է: Սակայն վիզաների չեղարկումը պարբերաբար հետաձգվում է, քանի որ Թուրքիան չի կարողանում կատարել պայմանագրի շրջանակներում իր ստանձնած  բոլոր պարտավորությունները:  
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել