Այսօր, երբ նշվում է Երջանկության միջազգային օրը, մենք՝ հայաստանցիներս, երեւի կարող ենք խոստովանել, որ աշխարհի ամենաերջանիկներից չենք։ Սրա ապացույցն է ոչ միայն մեր վարչապետի հանրահայտ հարցը՝ ինչու եք այդքան դիլխոր, այլեւ ՄԱԿ-ի հետազոտությունները։ Արդեն չորս տարի է, ինչ հրապարակվում է, այսպես կոչված, Երջանկության համաշխարհային զեկույցը, ըստ որի՝ երջանիկների ցուցակում մենք վերջերում ենք. անցած տարի 156 պետությունների ցանկում զբաղեցրել ենք 121-րդ տեղը։ Գիտե՞ք արդյոք, թե որն է ամենաերջանիկ երկիրը։ Դանիան։ Համեմատար փոքր մի պետություն՝ մոտ 6 միլիոն բնակիչներով, որտեղ տարվա կեսն անձրեւոտ է եւ ամպամած։ Դանիական երջանկության գաղտնիքը՝ ՀՅՈՒԳԳԵ-ն է։ ՀՅՈՒԳԳԵ-ն՝ հասարակ, պարզ, ամենօրյա հաճույքները վայելելու ունակությունն է։ Կոպենհագենում գոյություն ունի Երջանկության հետագոտման ինստիտուտ, որի հիմնադիրը եւ ղեկավարը՝ Մայք Վիկինգը գիրք է գրել ՀՅՈՒԳԳԵ-ի մասին եւ նախաբանում խոսովանում է. «Չեմ կարող բացատրել, թե ինչ է այդ ՀՅՈՒԳԳԵ-ն։ Կհետեւեմ մեր ժամանակների ամենամեծ փիլիսոփաներից մեկի՝ Վիննի Թուխի օրինակին։ Երբ Վիննի արջուկին հարցրել են՝ ինչպես է գրվում սերը, նա պատասխանել է՝ սերը չի գրվում, սերը միայն զգացվում է։ Նույնն էլ կարելի է ասել ՀՅՈՒԳԳԵ-ի մասին։ ՀՅՈՒԳԳԵ-ն հաճելի միջավայրն է, հոգեհարազատության, տան զգացումն է, խաղաղության եւ անդորրի հաճույքը, մոմի լույսի տակ սուրճ խմելն է՝ դանիական խմորեղենով։ Նույնիսկ կարելի է մենակ նստել ու թեյ խմել, բայց գերագույն հաճույք ստանալ դրանից։ Դա էլ է ՀՅՈՒԳԳԵ»։ Հեղինակը մի այսպիսի դրվագ է նկարագրում։ «Մի անգամ ընկերներով հավաքվել էինք, բուխարիի կրակը վառել էինք, ինչ-որ բան էինք քննարկում ու մեկ էլ ներկաներից մեկն ասաց. «Այ եթե դրսում նաեւ հորդառատ անձրեւ լիներ, կարելի կլիներ ասել, որ լրիվ երջանիկ ենք։ Ու բոլորս համաձայնեցինք»։ Չէ, դուք պատկերացնո՞ւմ եք՝ մարդ իրեն երջանիկ զգա հորդառատ անձրեւից։ Այն էլ որտեղ՝ Դանիայում։ Երբեւէ եղե՞լ եք։ Ես եղել եմ, արեւի երես գրեթե չտեսա։ Բայց դանիական ՀՅՈՒԳԳԵ-ն այս դրվագով լրիվ հասկացա։ Ինձ թվում է՝ նույնիսկ ճապոնացի բանաստեղծներից մեկն է այդ ՀՅՈՒԳԳԵ-ն նկարագել։ Պոետի անունը չեմ էլ հիշում, շատ վաղուց եմ կարդացել, բայց իր քառյակում մոտավորապես այսպիսի պատկեր է նկարագրում։ Ինչ լավ է, երբ ցրտաշունչ ձմռանը երկու ընկերներիդ հետ մինչեւ ուշ գիշեր նստած փիլիսոփայում ես կյանքի մասին՝ սակե ըմպելով, խմիչքը, ափսոս, վերջանում է ու այդ պահին կինդ ասում է՝ ես մի շիշ էլ պահած ունեմ, հիմա կբերեմ։ Անկեղծ ասեք՝ ՀՅՈՒԳԳԵ չի, բա ի՞նչ է։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: