Tert.am Life–ը գրում է.
Երեկ կայացավ X–Factor նախագծի հերթական գալա համերգը, որի ժամանակ հայտնի դարձավ, որ այս շաբաթ նախագիծը լքում է Շուշանիկ Արևշատյանի թիմից Դավիթ Չախալյանը։ Նա համարվում էր նախագծի ֆավորիտներից մեկը և համացանցում արդեն իսկ սկսվել են թեժ քննարկումներ, որ Դավիթն արժանի չէր այս փուլում դուրս մնալ նախագծից։ Երկրպագուները պահանջում են հետ բերել Դավթին, քանի որ X–Factor–ի միջազգային պատմության մեջ նման նախադեպեր եղել են։
Tert.am Life–ը Դավթի հետ զրուցել է նախագծից դուրս մնալու և հետագա անելիքների մասին։ «Իմ դուրս մնալը և՛ անսպասելի էր, և՛ սպասելի։ Սպասելի էր այնքանով, որ բոլոր մասնակիցներն էլ արժանի են լինելու նախագծում, անսպասելի էր, քանի որ արձագանքները բավականին շատ էին։ Ամեն դեպքում էմոցիաներս նորմալ են։ Ես հասուն մարդ եմ և պատրաստ եմ ցանկացած ֆորս–մաժորային իրավիճակի՝ լավ գիտակցելով, որ սա նախագիծ է, որի ընթացքում ամեն ինչ հնարավոր է»,– ասաց երգիչը, ով մինչ այս երբևէ չէր հայտնվել վտանգավոր գոտում։

Դավիթը մասնակցել է նաև X–Factor 3–ին, ընդգրկվել էր Եգոր Գլումովի տղաների տասնյակում և դուրս մնացել 4 աթոռ փուլից։ «Դա ինձ չկոտրեց, ընդհակառակը, ավելի ուժեղ դարձրեց։ Այս անգամ էլ ավելի ուժեղ դարձա, որովհետև շատ բան հասկացա»,– նշեց երգիչը և հավելեց, որ այդ ընթացքում ընդունվել և ավարտել է Երգի պետական թատրոնը, ստեղծել է իր «Ժայռ» բենդը, որի հետ կենդանի նվագակցությամբ համերգներ են ունեցել ակումբներում։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



